Երևանում հեծանվային երթևեկության նկատմամբ աճող հետաքրքրությունը հաշվի առնելով` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աշխատանքներ կտարվեն մայրաքաղաքում հեծանվային կանգառների տեղադրման ուղղությամբ: Այդ նպատակով ձևավորվել է հասարակական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ համատեղ աշխատանքային խումբ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանում հրավիրված քննարկման ընթացքում ներկայացվել են հեծանվային կանգառների տեղադրման վայրերի վերաբերյալ նախնական առաջարկներ: Կանգառները հիմնականում հանգստի մարդաշատ գոտիների և բուհերի հարակից հատվածներում են նախատեսվում տեղադրել: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ համապատասխան աշխատանքներ կտարվեն «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումների շարքում հեծանվային որոշ կանգառների բացման և շահագործման հանդիսավոր արարողությունը կազմակերպելու ուղղությամբ: Նշվել է նաև, որ քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու նախաձեռնությանն առնչվող կառուցողական ցանկացած առաջարկ: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները ուղղված ինչպես քննակվող հարցին, այնպես էլ մայրաքաղաքում հեծանվային երթևեկության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Աշխատանքային խումբը քննարկել է նաև կանգառների անվտանգության ապահովման և մայրաքաղաքում հեծանվուղիների ձևավորման վերաբերյալ հարցեր: Ծրագրի իրականացման հարցում իրենց մասնակցությունը կունենան նաև ներդրողները: Հեծանվային կանգառների ծրագրի կյանքի կոչումն իր նպաստը կբերի Երևանում հեծանվային երթևեկության մշակույթի զարգացմանը:
Երևանում հեծանվային կանգառներ կտեղադրվեն
