Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան կտակել է, որ իր մահից հետո մարմինը զմռսվի ու հասանելի դառնա հանրությանը: Մեկ ու կես ամիս առաջ նա իր այս ցանկությունը հաստատել է նոտարի մոտ:

Այս մասին հինգշաբթի օրը տեղեկացրել է Infobae տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով լրագրողների տրամադրության տակ գտնվող մի փաստաթուղթ։

Ըստ աղբյուրի՝ Դիեգոյի մոտ զմռսելու գաղափարը ծագել է իր փաստաբան Մաթիաս Մորլոյի ու մի քանի այլ ընկերների հետ ընկերական զրույցի ընթացքում:


«Ես հուշարձան չեմ ուզում, դրանք ինձ դուր չեն գալիս. երբեմն դրանք բոլորովին նման չեն մարդուն: Երբ ես մահանամ, ուզում եմ, որ դա ես լինեմ, որպեսզի մարդիկ ինձ ողջունեն, – մարադոնայի խոսքերն է մեջբերում Infobae պորտալը:

Նշվում է, որ թաղման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնեն արգենտինացու ժառանգները։ Չորեքշաբթի, նոյեմբերի 25-ին, Մարադոնան կյանքից հեռացավ 60 տարեկան հասակում, սրտի անսպասելի կանգի պատճառով: