Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ բարդ, սակայն ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել: Դրանք ցավոտ էին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անձնական մեծ քաջություն էին պահանջում, կարեւոր է այդ իրավիճակում աջակցել վարչապետին եւ նրա թիմին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իսկապես, Հայաստանն ու հայ ժողովուրդն անցել են իրենց պատմության մեջ շատ բարդ ժամանակաշրջան: Եվ Հայաստանի ղեկավարությունը, Հայաստանի կառավարության ղեկավարը, վարչապետը ստիպված էին շատ բարդ, սակայն Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել: Պետք է ասեմ, որ այդ որոշումները, իհարկե, ցավոտ էին, սակայն եւս մեկ անգամ ընդգծեմ՝ անհրաժեշտ էին եւ պահանջում էին վարչապետի կողմից անձնական մեծ քաջություն»,-ասել է Պուտինը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որն անցկացվել է տեսակապի միջոցով:
Նա նշել է, որ դա ակնհայտ է, եւ որ այսօրվա հանդիպմանը ներկաներից յուրաքանչյուրը հասկանում է նման տեսակի որոշում կայացնելիս պատասխանատվության աստիճանը:
«Նա այդ պատասխանատվությունն իր վրա է վերցրել: Եվ այժմ մեր խնդիրն է աջակցել վարչապետին եւ նրա թիմին՝ խաղաղ կյանք հարթելու, ընդունված բոլոր որոշումներն իրականացնելու եւ այդ դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու համար»,-հայտարարել է ՌԴ նախագահը: