«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պատերազմից հետո, երբ պահանջ էր ներկայացվում հայրենի կառավարության և ՀՀ վարչապետի հրաժարականի, Նիկոլ Փաշինյանը գնաց կտրուկ փոփոխությունների: Վարչապետը նախարարների պաշտոնների նշանակեց այնպիսի մարդկանց, որոնք քիչ, թե շատ ընկալելի կլինեն հանրության համար:


Այդ պաշտոնանկությունների շքերթի ցուցակում տեղ ուներ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը, ինչպես հայտնի է, տապալել է առողջապահական համակարգի զարգացումը ընդհանրապես, իսկ կորոնավիրուսի դեմ պայքարը ՝ մասնավորապես։ ՀՀ-ն իր 3 միլիոնանոց բնակիչների պայմաններում վարակակիրների թվով գերազանցել է մոտ 1մլրդ 500 միլիոն բնակչություն ունեցող Չինաստանին, բայց, չնայած այս իրողություններին, ՀՀ առողջապահության նախարար Թորոսյանին որոշվել է ամեն գնով պահել իր պաշտոնում:

Սակայն նույն ժամանակահատվածում ՀՀ վարչապետն իր թիմակիցներին խնդրել է առողջապահության նախարարի թեկնածուներ գտնել, բայց կա՛մ այդ առաջարկություններն են մերժվել, կա՛մ թեկնածուներն են հրաժարվել նախարար դառնալ։

Ահա այս պայմաններում Թորոսյանը շարունակում է պաշտոնավարել՝ Էդուարդ Աղաջանյանի բարձր հովանու ներքո։ Իսկ այդ ընթացքում մեր երկրում օրական 30-ից ավելի մարդ է մահանում։ Մինչ օրս կորոնավարակի դեմ ձախողված պայքարի հետևանքով ունենք 2228 մահ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: