«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արտախորհրդարանական ուժերը համոզված են, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ 12.00-ն հրաժարական չի ներկայացնելու՝ չնայած այն բանին, որ դեկտեմբերի 5-ին վերջիններս նման պահանջով էին հանդես եկել:
Ըստ մեր տեղեկությունների, 16 կուսակցությունները պլանավորել են իրենց նշած ժամից հետո, երբ արդեն պաշտոնապես հայտնի կդառնա, որ Փաշինյանը եւ կառավարությունը հրաժարական չեն ներկայացնելու, իրենք սկսելու են անհնազանդության ակցիաներ իրականացնել:
Նրանք պլանավորել են «պարալիզացնել» Հայաստանը իր մարզերով եւ հատկապես Երեւան քաղաքը: Այսինքն, իրենց նշած ժամից հետո ընդդիմությունը փակելու է Երեւանի եւ տարբեր մարզերի փողոցներ, կաթվածահար է անելու երթեւեկությունը:
Մեր տեղեկություններով, ընդդիմության հիմնական պլանը դեռեւս սա է լինելու, բայց նաեւ մեխանիզմներ է փնտրում իշխանությունների վրա ազդելու եւ վարչապետի եւ կառավարության հրաժարականին հասնելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու ժամանակավոր կառավարության ձեւավորում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում