Ապարանի շրջանի բնակիչները հաջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակցիա են իրականացնում՝ անհամաձայնություն հայտնելով իրենց համայնքապետերի՝ վարչապետի հրաժարականը պահանջող որոշումներին:
Անդրադառնալով 17 կուսակցությունների՝ վարչապետի հրաժարականի ցույցերին, մասնավորապես Արթուր Վանեցյանի գործունեությանը, նրանցից մեկն ասաց. «Վանեցյան, եքա գեներալ տղա ես, թեկուզ կարող ա վարչապետի հետ երկու հատ բառ խոսաս, պիտի գաս ասես՝ վարչապետն ասեց՝ գնա ժողովրդին ծեծի՞: Տո՛, այ հավ, բա դու տղամարդ ե՞ս, քո ներքին գաղտնիքը... դու գեներալ տղա, դրանից հետո քեզ ո՞վ կհարգի...»:
Մյուսն էլ՝ խոսելով Դաշնակցականների ներկայացրած պահանջներից, ասաց. «Դուք 3 օր սոված չկարացիք հրապարակում մնայիք, ո՞նց էիք ուզում կռիվ անեինք. էս 20 000 էրեխու գլուխն էլ տաներ ուտեր Նիկոլը՞: Նիկոլն ինչ որոշում կայացրել՝ ճիշտ պահին ա արել, մենք Նիկոլի կողքին ենք: Ինչ կա, գոնե էդ եղածը փրկեց Նիկոլը՝ հա՛մ Արցախից, հա՛մ էրեխեքից: Մտածող մարդը կմտածի՝ կհասկանա, ոչ թե առիթից կօգտվի՝ կհարձակվի մարդկանց վրա»,- ասաց գյուղացիներից մեկը:
Ցուցարարները նշեցին, որ իրենց հավաքի նպատակն ու իմաստն այն է, որ հայտարարեն, որ իրենց գյուղապետերն առանց իրենց կարծիքը հարցնելու են վարչապետի հրաժարականի որոշումը կայացրել:
«Մենք էլ հիմա ասում ենք՝ թող իրենք հրաժարական տան, մենք մեր վարչապետի կողքին ենք: Թող ոչ մեկ չսխալվի` ժողովրդի անունից Նիկոլին փնովի. ղալաթ են արել իրանց յոթ պապերի հետ»,- ասացին բնակիչները:
Հիշեցնենք՝ Ապարանի համայնքապետը և վարչական ղեկավարները պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը: