Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 12-ին կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը: Սկզբում պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:
Առաջին մրցումային օրը Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ):
Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի աշխարհի մինչեւ 23 տարեկանների փոխչեմպիոն, ռուսաստանցի Էմին Սեֆերշաևի հետ:
Սլավիկ Գալստյանը (67 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ գոտեմարտելով կուբացի Կրիստոբալ Տորես Նունյեսի հետ:
2018 թվականի աշխարհի երիտասարդների, 2019 թվականի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Մալխաս Ամոյանը (72 կգ) 1/8 եզրափակիչում ուժերը կչափի 2016 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր, սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի հետ:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը (77 կգ) որակավորման փուլում կփորձի հաղթահարել լեհ Իվան Նիլիպիուկի արգելքը:
2018 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանը (87 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի 2019 թվականի երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունգարացի Իստվան Տակաչը:
Արմեն Մելիքյանը (60 կգ), Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պայքարի մեջ կմտնեն դեկտեմբերի 13-ին:
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի 5-ակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Աշխարհի անհատական գավաթում պայքարի մեջ կմտնի որակավորման փուլից: Օլիմպիական չեմպիոնի մրցակիցը լինելու է գործող աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոեւը:
Հիշեցնենք, որ Նուրսուլթանում տեղի ունեցած աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը կողոսկրի վնասվածքի պատճառով հրաժարվեց եզրափակիչ գոտեմարտից եւ ոսկե մեդալը զիջեց Մուսա Եվլոեւին: Աշխարհի անհատական գավաթում այս քաշային կարգում մեկ որակավորման փուլի գոտեմարտ է լինելու, որը հենց Ալեքսանյան-Եվլոեւ դիմակայությունն է:
63 կգ քաշային կարգի գործող Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ ուժերը կչափի Թուրքիայի ներկայացուցիչ Աբդուրահման Ալտանի հետ:
60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը որակավորման փուլում կհանդիպի Հնդկաստանի ներկայացուցիչ Գյանենդեր Գյանենդերի հետ:
82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը, որին Գեւորգ Ալեքսանյանը Աշխարհի գավաթի կազմի մեջ ընդգրկեց վերջին պահին, կմեկնարկի 1/16 որակավորման փուլից, որտեղ կմրցի ռումինացի Գեորգի Մարիեայի հետ:
Գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում կփորձի հաղթահարել 2015 թվականի Միջերկրածովյան երկրների առաջնության փոխչեմպիոն, սերբ Բոբան Զինովիչի արգելքը:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 16-18-ը աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում հանդես կգա 8 ըմբիշով՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Ռազմիկ Պապիկյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Հովհաննես Մաղաքյան (125 կգ):