Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած 44 գերիների թվում է նաեւ Հովսեփ Սահակյանը: Լոռեցի երիտասարդն այժմ գտնվում է հոսպիտալում, անցնում ամբողջական բուժզննում:
Aravot.am-ի հետ զրույցում Հովսեփը պատմեց, որ միակ խնդիրը ոտքի վիրավորումն է, որը ստացել է ռազմաճակատում. «Միակ խնդիրս ոտքս է, կաղալով եմ քայլում: Խորհուրդ տվեցին, որպեսզի մի որոշ ժամանակ ձեռնափայտով քայլեմ, որպեսզի ավելորդ ծանրաբեռնվածություն չլինի եւ ապաքինումն ավելի շուտ լինի»,- ասում է Հովսեփն ու ընդգծում, որ ի տարբերություն ֆիզիկականի, հոգեպես ավելի լավ վիճակում է գտնվում. «Կարող է տարօրինակ հնչի, բայց հոգեպես լավ վիճակում եմ գտնվում: Թեեւ ամեն ինչ տարօրինակ է, գերության մեջ գտնվող տղաներն այնպիսի բաներ են պատմում, որ եթե ինչ-որ մեկը լսի՝ կասի հնարավոր չէ: Աստված մեր կյանքը փրկել է, մենք գերեզմանից վերադարձել ենք տուն»:
Պատերազմը սկսելուց հետո, ինչպես շատ երիտասարդներ, Հովսեփը նույնպես ծանուցագիր է ստանում, որ պետք է մեկնի ծառայության:
Հոկտեմբերի 17-ին նրան տանում են Հոկտեմբերյան, ապա Սիսիան, որտեղ մի քանի օր վերապատրաստվելուց հետո, հոկտեմբերի 24-ին տեղափոխում են արդեն ռազմաճակատ՝ Կուբաթլու.
«Միանգամից դիրքեր բարձրացանք եւ 10 րոպե չէր անցել սկսվեց հրետակոծություն: Այնպիսի տպավորություն էր, կարծես ինչ-որ մեկը մեզ այդտեղ սպասում էր: Ինձ հետ գնացողներից շատերը զոհվեցին այդ պահին: Միանգամից առաջ շարվեցի, որ վիրավորներին օգնեմ, շտապօգնության մեքենայով ճանապարհեցինք: Որից մի 15 րոպե հետո աջ ոտքից բեկորային վնասվածք ստացա նաեւ ես: Ինձ նույնպես փորձեցին տեղափոխել մոտակա հոսպիտալ, քանի որ վնասվածքը շատ խորն էր»:
Բեռնատարը, որով փորձում էին հոսպիտալ տեղափոխել Հովսեփին ու մյուս վիրավորներին, թշնամու անօդաչու թռչող սարքի պատճառով մոտ 500 մետր գլորվում է ձորը: Հովսեփի խոսքով՝ ինքը հրաշքով է ողջ մնացել, իսկ մեքենայի մյուս 5 ուղեւորները մահացել են. «Ոտքս դուրս ընկավ տեղից , սողալով դուրս եկա մեքենայից, որպեսզի չպայթի:
Բայց գլխավերեւումս զգացի, որ կրկին անօդաչու է պտտվում: Ինձ վրա 4 հատ բոմբ գցեց: Այդ պահին մտածեցի, որ վերջ, իմ վերջը սա է, բայց չպայթեց: Հետո 2 օր սողալով բարձրացա սարը եւ տեսա, որ դիմացս ադրբեջանցիներն են: Տեսա նաեւ, որ մեր զինվորական շտապօգնության մեքենա էլ կա: Մտածեցի մթնի, նոր կմոտենամ մեքենային, որպեսզի կարողանամ այդտեղից դուրս գամ, բայց չհասցրեցի: Մոտ 20 ադրբեջանցիներ բարձրացան վերեւ ու ինձ տեսան այդտեղ»:
Հոկտեմբերի 26-ին Հովսեփը գերի է ընկնում. «Սկիզբը բնականաբար դժվար էր: Գերի եմ ընկել, ճակատս չէին պաչելու:
Ցավեցրել են, նաեւ խփել են: Փորձեր են եղել նաեւ ավելի դաժան ինչ-որ բաներ անելու՝ սպանելու եւ այլն: Բայց միայն վախեցրել են: Սկզբի օրերին է եղել այդպես: Այդ ժամանակ ռազմական ոստիկանությունում էինք գտնվում, հետո արդեն տեղափոխեցին ԱԱԾ,- պատմում է Հովսեփն ու նշում, որ ԱԱԾ-ում, որտեղ հարցաքննություն են իրականացրել մնացել է 14 օր:
Եվ քանի որ երիտասարդը Յոթերորդ օրվա Ադվենտիստների եկեղեցու հովիվ է, նրան տեղափոխում են Ադվենտիստների տեղի եկեղեցի, որտեղ Հովսեփը ծառայություն է իրականացնում: Նաեւ իրեն առաջարկում են եկեղեցում Ղուրանը կարդալ, որն ինչպես հովիվն է ասում՝ 2 անգամ սիրով կարդացել է: Որից հետո իրեն Աստվածաշունչ են նվիրում: Հովսեփն ասում է, որ ԱԱԾ-ում գերիներին լավ են վերաբերվել. «Մեզ օրը 3 անգամ կերակրում էին, վիրավորներին բժշկական ստուգման էին տանում, նաեւ լողացնում էին:
Դրանից հետո մեզ տեղափոխեցին Բաքվի ամենամեծ բանտը»: Այդ բանտում Հովսեփը մնում է 33 օր: Նույն խցում իր հետ եղել են նաեւ Հայկն ու Վահեն: Նրանք նույնպես հայրենիք վերադարձած տղաների մեջ են: Մինչեւ վերջին ժամը տղաները տեղյակ չեն եղել, որ իրենք նույնպես պետք է վերադառնան տուն.
«Մեզ ասել են գալուց երեւի կես ժամ առաջ: Աննկարագրելի զգացողություններ ունեցանք, երբ իմացանք, որ գալիս ենք Հայաստան: Եղել են մտքեր, որ մտածել ենք՝ կարող է չվերադառնանք, մեր վիճակը ո՞նց կլինի: Մտածել ենք, որ կարող է ուշ լինի, կամ մենք այդ ցուցակներում ընդհանրապես չլինենք: Եղել են տրտմության օրեր: Բայց Աստծո խոսքը մեզ օգնեց այդ 33 օրը հաղթելու եւ գերությունից դուրս գալու համար»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					