«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկող տրանսֆերտների չափը աճ է արձանագրել: Այս տարվա հոկտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 93 մլն 997 հազար դոլար:

Նկատենք, որ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 28 մլն 630 հազար դոլարով, իսկ Հայաստանից հոկտեմբերին դուրս է եկել 117 մլն 433 հազար դոլար գումար: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը հոկտեմբեր ամսին կազմել է 75 մլն 25 հազար դոլար։

Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, և ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Բացի այս, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է զգալի պակասել. եթե այս տարվա սեպտեմբերին այն կազմել է 46 մլն 138 հազար դոլար, ապա հոկտեմբերին դարձել է 37 մլն 668 հազար դոլար»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: