Երեւանի քաղաքապետարանում, ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների եւ քաղաքապետարանի աշխատակցի միջեւ միջադեպ տեղի ունեցավ:

Խմբակցության ավագանու անդամները քաղաքապետարանից դուրս գալիս բղավում էին՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:


Միջադեպի ժամանակ ԲՀԿ-ից Մարկոս Հարությունյանը բորբոքված ցանկանում է հասնել «հակառակորդին»՝ ասելով. «Թողեք ինձ, էդ ո՞ւմ վրա ես ձեռք բարձրացնում: Չափերիդ մեջ կմնաս, արա»:

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ցանկանում էին շենքից դուրս գալ եւ միանալ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին:

«Տվյալ աշխատակիցը մեր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրեց, անգամ ամաչում եմ ասել, թե ինչ: Նրան հորդորեցի հանգստանալ, սակայն նա շարունակեց իր անկիրթ արտահայտությունները ընդդիմության լիդերների, ինչպես նաեւ իմ կուսակցության ղեկավարի հասցեին»,- նշեց Մանրիկյանը՝ հավելելով, որ իրենք գոռում էին «Նիկոլ հեռացիր»:

Նա հավելեց, որ հարվածներ չի եղել, հրմշտոց է եղել: