«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում պատերազմի մեկնարկից միայն երեք ամիս անց Երևանի քաղաքապետարանը որոշեց քննարկել ապաստարաններ և թաքստոցներ հիմնելու հարցը:

Երեկ Երևանի ավագանու հերթական նիստում այդ հարցի մասին խոսեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Նա մասնավորապես հայտնեց, որ 12 վարչական շրջաններում պետք է ապաստարաններ և թաքստոցներ հիմնվեն, սակայն, նրա խոսքով, այդ աշխատանքները հեշտ է կազմակերպել Կենտրոնում, որտեղ որպես ապաստարան կծառայեն ավտոկայանատեղիներ, բազմահարկ շենքերի նկուղները:

Նկատենք՝ Արցախում պատերազմի օրերին Հայաստանի կառավարությունն օդային տագնապի դեպքում խորհուրդ էր տալիս թաքնվել ռազմաապաստարաններում, թաքստոցներում, շենքերի նկուղներում:


Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հոկտեմբերի 8-ին էր հետաքննություն իրականացրել և պարզել, որ Երևանի բոլոր վարչական շենքերի բազմաբնակարան շենքերում կա՛մ նկուղներ չկան, որպես այդպիսին, կա՛մ էլ եթե կան, ապա գտնվում են շատ վատ վիճակում. նկուղները լցված են կոյուղաջրերով, գարշահոտությամբ, առնետներով, աղբով:

Բայց, չնայած սրան, քաղաքապետարանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, հորդորում էր բնակիչներին ապաստանել իրենց շենքերի թաքստոցներում, նկուղներում: Անգամ այդ օրերին որոշ շենքերի մուտքերում փակցված կարող էինք տեսնել պաստառներ, որտեղ նշված է, թե օդային տագնապի պարագայում որտեղ պետք է թաքնվել: Ինչպես ասում են, ուղեցույցը կա, բայց նկուղները՝ ոչ: Ընդ որում, նկուղների այս ցավոտ հարցն ակտուալ դարձավ նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ: Այս մասին խոսվեց նաև 2018 թվականին, երբ Հայաստանում անցկացվում էին «Շանթ-2018» զորավարժությունները, անգամ խնդիր դրվեց մաքրել շենքերի նկուղները: Բայց այդ օրից անցել է արդեն երկու տարի, ու այդպես էլ ոչինչ չի արվել:

Եվ, չնայած դրան, երեկ Երևանի փոխքաղաքապետ Հրաչա Սարգսյանը թվեր ներկայացրեց, քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հայտարարեց, թե շատ մեծ աշխատանքներ են կատարել, որոնց մասին մի օր կբարձրաձայնեն: Այնպսիսի տպավորություն է՝ նոր նկուղների մասով արված աշխատանքը քաղաքապետը հույժ գաղտնի տվյալ է համարում՝ առայժմ թաքցնելով հանրությունից դրանց մասին տեղեկությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: