Lragir.am-ը գրում է. «Սյունիքի մարզում ներկայում տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ։ Այդ աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ ու բարդություններ։ Բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, և այդ աշխատանքն անհրաժեշտ է Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց․ «Մեր դիրքորոշումը, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության դիրքորոշումն այն է, որ այս գործունեությամբ, որոնք կարող ենք տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ, մենք ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները։ Եվ Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում»։

Փաշինյանը նշեց, որ այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր։ «Մեկը Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի մասին է, երկրորդը Շուռնուխ բնակավայրի մասին է։ Կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Եվ այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել։ Բայց ես նաև կարող եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա, և մեր քաղաքացիների շահերը լիարժեք կլինեն պաշտպանված», ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ այս համատեքստում շատ մեծ է ապատեղեկատվական արտահոսքը։ «Օրինակ՝ մենք երեկ նայեցինք, մի դեպքի վերաբերյալ կարող են լինել հարյուրավոր հրապարակումներ՝ տարբեր ռակուրսներով ու դրվագներով։ Եվ այդ հարյուրավոր հրապարակումների մասշտաբային տպավորություն է ստեղծվում։ Էլի ուզում եմ կրկնել՝ Սյունիքի և ընդհանրապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել։ Մյուս կողմից սա չի նշանակում, որ այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա։ Դրանք բոլորովին այլ հարցեր են, այս փուլում տեղի է ունենում սահմանների որոշակի կետերի տեղորոշում, որի օպերատիվ նպատակն անվտանգության ապահովումն է, այսինքն՝ այդ տեղորոշումներն իրականացնել այնպես, որ անվտանգության որոշակի համակարգ գործի և այդ համակարգը լինի գործուն։ Եվ սա արվում է, կրկնում եմ, անվտանգություն ապահովելու համար։ Իհարկե, մենք ունենք նոր իրավիճակ, և այդ նոր իրավիճակը որոշակի էմոցիաներ է առաջացնում։ Բայց մենք մաքսիմալ հանդարտ պետք է այս փուլը հաղթահարենք, որպեսզի արձանագրենք անվտանգության այն նոր համակարգի լիարժեք գործունեությունը, որը մենք այսօր կառուցում ենք կամ արդեն իսկ տեսականորեն ստեղծել ենք», հավելեց նա։

Տարօրինակ հայտարարություն է մի շարք առումներով: Նախ, սահմանների, ինչպես վարչապետն է ասում, որոշակի կետերի տեղորոշումը նախատեսված չէ ոչ եռակողմ հայտարարությամբ, ոչ էլ կա որեւէ հրապարակային փաստաթուղթ, եռակողմ թե երկկողմ՝ Հայաստան-Բաքու ձեւաչափով: Ավելին, եռակողմ հայտարարությամբ Հայաստանը չպետք է իր դիրքերը հետ քաշեր Սյունիքում: Ստացվում է, որ տեղի է ունենում բանավոր պայմանավորվածությունների իրագործում, կամ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ, կամ նրա դեմ պարտադրանքով: Ըստ էության, արդյունքը նույնն է, «անվտանգության նոր համակարգի» վերաբերյալ նրա խոսքերից ենթադրվում է, որ հակառակ պարագայում հարձակում կլինի Սյունիքի վրա, ինչի մասին վարչապետը ակնարկել էր նաեւ նախկինում:

Պարտադրանքի կամ ռազմական շանտաժի տակ (ռուս-թուրքական) անվտանգության նոր համակարգ չի կառուցվում, այլ ստեղծվում են ենթակա տարածքներ կամ պրոտեկտորատներ, տվյալ պարագայում «հաղորդակցությունների միջանցքներով», որը հնարավոր է կարող է կապված լինել Մեղրիի ֆորմալ պահպանման հետ: Իրականում, այս պարագայում ողջ Սյունիքն է հայտնվում նույն վիճակում, եթե ճանապարհը հսկում են թուրքերն ու ռուսական ՖՍԲ-ն: Հայաստանում արդեն առաջարկներ են արվում Սյունիքում ռուսական նոր ռազմաբազա հիմնելու վերաբերյալ:

Համենայնդեպս, մոտ ապագայում եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան կպարզվի: Սահմանների տեղորոշման «ցավոտ գործընթացին» երեւի կհաջորդի արդեն «անցավ» դեմարկացիան եւ Ադրբեջանի լեգիտիմացիան որպես պետություն, այդպիսով փորձելով չեղարկել նրա միջազգային պարտավորություններն Արցախի կարգավիճակը ճանաչելու հարցում:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/24/610721/