Նախ ներկայացնենք Արցախի ՊԲ-ի քիչ առաջ տարածած տեղեկությունը. «Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։ Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

 

«Ինչպես արդեն հայտարարել էինք ժամեր առաջ, վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել։

ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում էին Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։

ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։

Աղբյուր՝ http://infosarm.ru/archives/91405