Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի գործող ղեկավարներին, ինչպես նաեւ մի շարք երկրների նախկին ղեկավարների: Ահա այդ ուղերձների թվում աչքի է ընկնում մեկը, որը հասցեագրված է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
Պաշտոնաթողությունից հետո Սարգսյանն ու Պուտինը միմյանց այսպես ասած չեն ուրախացրել փոխադարձ շնորհավորանքներով: Օրինակ, ՌԴ նախագահը կանոնավոր շնորհավորում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան տարեդարձի, Նոր Տարվա կապակցությամբ: Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին էր պատվում ՌԴ նախագահին:
Սերժ Սարգսյան-Պուտին մակարդակում չի եղել այդպիսի կոմունիկացիա, կամ համենայն դեպս այն չի հանրայնացվել, թեեւ լինելու դեպքում ինչն էր խանգարելու այն հանրայնացնելուն:
Ահա այդ ֆոնին, 2020 թվականին նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ընդգրկված է նախկին նախագահների շարքում, որոնց շնորհավորել է ՌԴ նախագահ Պուտինը:
Ի՞նչ է պատահել, որ Պուտինը այդ ուղերձը հղել է նաեւ Սերժ Սարգսյանին: Նախորդ տարիների համեմատ «փոփոխությունն» իհարկե արցախյան պատերազմն ու Արցախի ռուս-թուրքական բաժանումն է: Գործընթաց, որն անշուշտ հասունացել է մի քանի տարի, ապրիլյան պատերազմի փորձով՝ թակելով նաեւ Սերժ Սարգսյանի դուռը:
Ի դեպ, կա մի հատկանշական հանգամանք էլ: Պատերազմի օրերին եղավ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հավաք, ու ինչպես հետո հայտնի դարձավ՝ եղել է նաեւ դիմում Նիկոլ Փաշինյանին, առ այն, որ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա եւ բանակցել «ռուսական էլիտայի» հետ: Սերժ Սարգսյանը չէր հայտնել այդպիսի ցանկություն: Փոխարենը, հիմա նա 17-ի ձեւաչափի «պոլիտբյուրոյում է» Ռոբերտ Քոչարյանի հետ։