Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումարի տրամադրմանը՝ ՀՀ տարածքում գտնվող տեղահանված արցախցիների ֆինանսական օժանդակության նպատակով, իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ իշխանություններին և անձամբ նախագահ Պուտինին:


Արայիկ Հարությունյանն առաջին անգամ չէ, որ երախտագիտություն է հայտնում Պուտինին, եւ նա միակը չէ իհարկե՝ Հայաստանում շատերն են պարբերաբար երախտագիտություն հայտնում Վլադիդմիր Վլադիմիրովիչին։ Թեեւ հիմա արդեն բոլորն են հասկացել, թե ինչ է կատարվել, բայց երախտագիտությունները շարունակվում են, երեւում է Երեւանում ՌԴ դեսպանատանը հաշվիչ հանձնաժողով կա, որը պարբերաբար զեկույցներ է ուղարկում Մոսկվա։


Ընդ որում, որքան շարունակվում են երախտագիտությունները, այնքան լայն հանրությանն ավելի ու ավելի շատ մանրամասներ են հայտնի դառնում ոչ միայն ռուսական ծրագրի արդեն կատարվածի, այլեւ կատարվելիքի մասին, եւ այնքան ավելի ինտենսիվ ու բացահայտ են դառնում ռուսական պատժիչ քայլերը։ Դա էլ է մտնում պլանի մեջ՝ հայերը պետք է երախտագետ լինեն այն ամենի համար, ինչ արվում է իրենց դեմ։

Տվյալ դեպքում, խոսքը Արցախի դեմ պատերազմի, Արցախի օկուպացիայի, հայ բնակչության տեղահանության, գերիների սպանությունների, գերիների փոխանակման ձգձգման, հայկական դիրքերի հանձնման մասին է։ Հիմա քչերն են հավատում Ռուսաստանի «փրկչությանը», ռուսական քարոզչությանը եւ Հայաստանում դրա մասնաճյուղերի դամքաշությանը, ավելին, շատերն են հիմա համոզված, որ այս ամենի հեղինակը Մոսկվան է։

Արայիկ Հարությունյանն այս ամենը տեսել է իր աչքերով ու զգացել իր կաշվի վրա։ Հիմա նա իր կաշի՞ն է փրկում, թե՞ Մոսկվայի շպրտած 10 մլն եվրոն համարում է «փոխհատուցում»։ Պետության ղեկավարը, երախտագիտություն հայտնելու փոխարեն, առնվազն կպահանջեր կատարել թեկուզ եռակողմ հայտարարության կետերը, այդ թվում արցախցիներին վերադարձնել իրենց տները։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/31/612254/