Անլար ականջակալները, ինչպես մյուս նմանատիպ սարքերը, ունեն ցածր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտ: Առողջության վրա դրանց բացասական ազդեցության վերաբերյալ միանշանակ ապացույց չկա, բայց անվնաս լինելը ևս ապացուցված չէ, – «Պրայմ» գործակալությանն ասել է «Ռոսկաչեստվո» թվային փորձաքննության կենտրոնի ղեկավար Անտոն Կուկանովը:
«Որպես կանոն, անլար ականջակալների դեպքում օգտագործողներն առավելապես անհանգստացած են, որ ճառագայթումը հնարավորինս մոտ է գլխին: Այստեղ պետք է հասկանանք, որ այն մի քանի անգամ պակաս է, քան բջջային հեռախոսների ճառագայթումը: Հետևաբար անլար ականջակալները տեսականորեն, ավելի քիչ ռիսկ են պարունակում», – նշում է փորձագետը:
Եթե, այնուամենայնիվ, վախենում եք ձեր առողջության համար, ապա պետք է սահմանափակեք նման ականջակալների օգտագործման ժամանակը. Մի քայլեք դրանցով ամբողջ օրը և մի քնեք դրանցով:
Նա հիշեցրել է, որ բարձր ձայնը առողջության համար իսկական վտանգ է, ինչը բացասաբար է ազդում լսողության վրա, հատկապես եթե երկար ժամանակ ականջակալներ եք օգտագործում: «Այս դեպքում լսողական զգայական բջիջները վնասվում են, ինչը կարող է հանգեցնել լսողության կորստի: Լսողությունը չփչացնելու համար պետք է ականջակալներ օգտագործել ոչ ավելի, քան օրական երեք ժամ, առավելագույնը երկու ժամ անընդմեջ և ոչ առավելագույն ձայնի բարձրությամբ», – խորհուրդ է տալիս Կուկանովը: