ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական բնակավայրերի նախնական թիվը 181 է. «Ադրբեջանին հանձնվում է 181 գյուղ և քաղաք:

Երբ ներկայացված 121 համայնքն առանձին-առանձին բացում ես՝ ստացվում է 181 քաղաք և գյուղ, գուցե ավելին: Ինչո՞ւ եմ ասում՝ գուցե ավելին, որովհետև միայն Քաշաթաղի շրջանում, որն ըստ ցուցակի՝ ներկայացված էր 52 համայնքի տեսքով, 100-ից ավելի բնակավայր կա՝ գյուղ և քաղաք: Այնտեղ մի քանիսը չենք ներառել ցուցակում, որոնք փաստացի այս պահի դրությամբ բնակչություն չունեին: Այսինքն՝ եթե անգամ այդ կարգավիճակում՝ որպես բնակավայր դա էլ ներառեինք, 181-ից ավելի կլիներ»:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները, որոնք պետք է իրականացնեին և ապահովեին համաձայնագրով Ադրբեջանին տրվող տարածքների գործընթացը, փաստացի դա չեն անում.

«Արցախի այդ շրջանների բնակիչները ոչ միայն անպաշտպան են դարձել, նաև անտեղյակ են, թե որ բնակավայրն է հանձնվում: Վազգենաշեն գյուղի դեպքը վառ օրինակ է, երբ մարդիկ անտեղյակ իրենց տանն էին, բայց դուրս եկան, և ադրբեջանցիները կանգնած էին բակում: Նման իրավիճակում այսօր էլի գյուղեր կան, որոնք կարող են հայտնվել:

Նույն այս ցուցակում ներառված Ակնաբերդ գյուղի բնակիչներին այսօր ոչ մի ինֆորմացիա չի փոխանցվում՝ ի վերջո, այդ գյուղը տալո՞ւ են, թե՞ ոչ: Այսինքն՝ մինչև վաղը մարդիկ չգիտեն՝ դո՞ւրս են գալու, թե՞ շարունակելու են այդտեղ ապրել: Ակնաբերդ և Չարեքթար գյուղերը երբևէ Քելբաջարի շրջանում չեն եղել, խորհրդային տարիներին մաս են կազմել ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանի:

Հիմա ինչո՞ւ են հայտնվել այդ ցուցակում, և ի՞նչ կարելի է անել: 90-ականների արցախյան ազատամարտի ժամանակ, երբ մենք ազատագրեցինք Քելբաջարի շրջանը՝ պատմական Ծար գավառը, և հետո այդ տարածքի վրա կազմավորեցինք Շահումյանի շրջանը, ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ հայկական կողմը Մարտակերտի շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում՝ Չարեքթարը և Ակնաբերդը, ներառել է Շահումյանի շրջանի մեջ:

1991թ. նոյեմբերի 26-ին, երբ Արցախն արդեն անկախացել էր, Ադրբեջանը որոշում է ընդունում լուծարել ԼՂԻՄ-ը: Չնայած՝ այդ որոշումը ԽՍՀՄ սահմանադրական կոմիտեն հակասահմանադրական ճանաչեց, ամեն դեպքում Ադրբեջանը մարզի լուծարումից հետո հետաքրքիր վարչատարածքային բաժանում արեց և ԼՂԻՄ-ի մի շարք գյուղեր և տարածքներ ներառեց արտալղիմյան շրջանների մեջ: Այդ բաժանման արդյունքում Մարտակերտի գրեթե կեսը միացվեց Քելբաջարի շրջանին»:

Ալվինա Աղաբաբյանն ընդգծեց՝ եռակողմ հայտարարության 6-րդ կետում կարևոր ձևակերպում կա՝ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը.

«Ընդամենը 6-7 բառ, բայց մեջը բազմաթիվ ականներ կան. ականներ ամբողջ հայտարարության տեքստում կան, բայց անգամ այս մի քանի բառի մեջ դրանք մեկը չեն, երկուսը չեն: Նախ այն, որ մենք ֆիքսում ենք՝ Հայաստանի Հանրապետությունն է վերադարձնում, այսինքն՝ մենք Հայաստանի Հանրապետությանը ճանաչում ենք օկուպանտ և դրանով հիմք ենք տալիս Ադրբեջանին ինչ-ինչ պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Երբ մենք ասում ենք՝ վերադարձնում է՝ անուղղակիորեն ընդունում ենք փաստը, որ մենք պահել ենք ուրիշինը, որովհետև քոնը դու չես վերադարձնում, տալիս ես: Եվ բացի այդ՝ այս ձևակերպումը՝ Քելբաջարի շրջան, ի՞նչ ասել է՝ Քելբաջարի շրջան, այստեղ հստակ չկա: Ադրբեջանն ուզում է և ուզելու է մեծ Քելբաջարի շրջանը, որն ինքը ստեղծել է 1991թ. նոյեմբերի 26-ից հետո, որում ինքը ներառել էր Մարտակերտի շրջանի գրեթե կեսը:

Երբ մեր՝ վարչապետի աթոռին նստած անձնավորությունը հանձնառություն է վերցնում վերադարձնել Քելբաջարի շրջանը, գուցե չիմացության, գուցե շատ լավ էլ իմացության արդյունքում փաստացի ոչ թե հին Քելբաջարի շրջանն է տալիս թշնամուն, այլ տալիս է Շահումյանի ամբողջ շրջանը: Այդ տրամաբանությամբ Ակնաբերդն ու Չարեքթարը փաստացի ներառված են այս կառավարության որոշման ցուցակում և տրվելու են»:

Նա խոսեց նաև այդ տարածքների կորստից հետո սպասվող վտանգների մասին. «Չարեքթարը երեկվա դրությամբ արդեն դատարկվում էր, բնակիչներն այրել էին իրենց տները և պատրաստվում էին հայրենի գյուղը լքել:

Ակնաբերդի պարագայում պատկերը շատ ավելի վտանգավոր է լինելու, եթե մեր կողմը այն տա, նվիրի, հանձնի թշնամուն: Ակնաբերդը գտնվում է Սարսանգի հյուսիսային ափին, և եթե այդ գյուղը տրվեց թշնամուն, դա նշանակում է՝ շղթայական ռեակցիայով մի շարք գյուղեր ևս պետք է տրվեն նրան՝ Զագլիկ, Հաթերք, Չափար, Գետավան, Վաղուհաս, Վերին Հոռաթաղ ու Կոճողոտ, այսինքն՝ այդ ամենը տալով՝ մենք տալիս ենք նաև Սարսանգի ջրամբարը:

Մենք նաև մեծ վտանգի տակ ենք դնում Մարտակերտի շրջանը: Հիմա հնարավորություն կա սա կանխելու, բայց դրանով մի քիչ գրագետ մարդ պետք է զբաղվի: Եթե վարչապետի աթոռին գամված անձը թույլ է տվել հայտարարության մեջ նման ձևակերպումներ, իսկ մենք գիտենք, որ դրանք կազմվել են իր և Ալիևի անմիջական մասնակցությամբ, եթե ոչ՝ անմիջապես իրենց կողմից, այսինքն՝ ինքը իմացել է՝ ինչ թուղթ է ստորագրվում, ինչ ձևակերպումներ կան, և եթե դա իմանալով՝ արել է, ուրեմն՝ ինքը և իր թիմը դրանք կանխել չեն կարող:

Եթե մենք ունենանք բանակցող կամ իշխանություն, որը տեղյակ է այս բոլոր նրբություններին, գիտի՝ Արցախը որն է, Արցախի բնակավայրերը որոնք են, ինձ թվում է՝ իրատեսական է, որ այդ հարցը լուծում կստանա: Ընդամենը պետք է հստակեցնել՝ ինչ ասել է՝ Քելբաջարի շրջան, և ինչ Քելբաջարի շրջան ենք մենք տալիս թշնամուն: Եթե դա հստակեցվեց, պարզ է լինում, որ նույն Ակնաբերդը Մարտակերտի շրջանի մաս է կազմում, և, բնականաբար, հանձնվելիք գյուղերի և բնակավայրերի ցուցակում չի կարող լինել»:

Ալվինա Աղաբաբյանը ցուցադրեց 1991թ. նոյեմբերի 26-ից հետո Ադրբեջանի ձևավորած Քելբաջարի շրջանի քարտեզը.

 

«Մարտակերտյան հատվածը նրանք ներառել են Քելբաջարի շրջանի մեջ, եթե մենք չենք պայքարում և որոշակի հստակություն չենք մտցնում եռակողմ հայտարարության մեջ՝ ինչ ասել է՝ Քելբաջարի շրջան, մենք, ստացվում է, հնարավորություն ենք տալիս Ադրբեջանին՝ պահանջելու այս ամբողջ հատվածը, որում ներառված է Գանձասարը, Վանք գյուղը, Դրմբոնը, Քոլատակը: Այս դեպքում խոսել Մարտակերտը պահելու մասին՝ լրիվ անիմաստ է դառնում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում: