«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 13-ի նիստում ընդգրկված է նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի փաթեթը: Այս փաթեթը դեռ նախորդ տարվա վերջին հասցրեց քննադատության ալիք բարձրացնել, քանի որ անընդունելի ձեւակերպումներ ուներ ուսումնական հաստատությունների համար:

Բանն այն է, որ մի քանի բուհերում իշխանությունը, չկարողանալով իր համար ցանկալի ռեկտորների թեկնածուներ անցկացնել, որոշել է օրենք փոխել ու համակարգը վերջնականապես տապալել։ Նոր նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ լիազոր մարմնի՝ Կառավարության կողմից մեկ կամ հինգ տարով բուհի ռեկտոր նշանակել, ինչը բուհերի ինքնավարության եւ ակադեմիական ազատությանը հակասող դրույթ է։ Ի դեպ, այդ օրենքի շատ ձեւակերպումներ նաեւ հակասահմանադրական են։


«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում փաթեթի շուրջ բուռն քննարկումներ եղել են, նույնիսկ խորհրդարանում հանդիպել են տարբեր բուհերի ռեկտորների, որպեսզի փորձեն կոնսենսուսի հասնել եւ օպտիմալ փոփոխություններ կատարել: Հավելենք, որ հանձնաժողովի նիստին ներկա կլինի նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում