ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին դատապարտել է բռնությունը եւ հաշտության կոչ արել, սակայն ոչ մի ձեւով չի մեկնաբանել իմփիչմենթը, որը նրա նկատմամբ կայացրել է Ներկայացուցիչների պալատը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ցանկանում եմ դատապարտել բռնությունը, որը տեսանք վերջին շաբաթում... Ամբոխի բռնությունը հակասում է այն ամենին, ինչին ես հավատում եմ, եւ ամենին, ինչը պաշտպանում է մեր շարժումը»,- տեսաուղերձում ասել է պետության ղեկավարը:


Թրամփը շեշտել է ամբողջ երկրի շահերի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը եւ բոլոր ամերիկացիներին կոչ է արել միավորվել՝ «հաղթահարելով պահի կրքերը»:

Տեսաուղերձում ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է խոսքի ազատության վրա աննախադեպ հարձակումների մասին՝ նկատի ունենալով սոցցանցերում իր հաշիվների արգելափակումը: «Լարված եւ բարդ ժամանակներ են: Գրաքննության փորձերը, «չեղարկումն» ու մեր հայրենակիցներին սեւ ցուցակների մեջ մտցնելը սխալ ու վտանգավոր է»,- ասել է նա: