Վլադիմիր Պուտինը զանգել է Ռեջեբ Էրդողանին եւ պատմել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին, ովքեր, Պուտինի խոսքով, տրամադրված են հարաբերությունների կարգավորմանը, խաղաղ կյանքի հաստատմանը գործակցելու պատրաստակամությանը, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։


Էրդողանն աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին ղարաբաղյան կարգավորման հարցում, հանդես եկել Ռուսաստանի ու Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակման օգտին, այդ թվում՝ ի շահ տարածաշրջանի տնտեսական զարգացման ու փոխշահավետ նախագծերի առաջխաղացման։


Առանձին շոշափվել են հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի ձեւավորման որոշ ասպեկտներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մինչ Պուտինն Էրդողանին զեկուցում էր Փաշինյանի ու Ալիեւի հանդիպման արդյունքների մասին, Արցախում եռակողմ համաձայնության հերթական խախտումն է տեղի ունեցել։ Ստեփանակերտից ոչ հեռու կրակ են բացել հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց ուղղությամբ, ծանր վիրավորվել է 20-ամյա զինծառայող։

Վերջին մի քանի օրերին Արցախում հաճախակի են դարձել հիմնականում օդ կրակոցներն ադրբեջանական կողմից։ Այս անգամ կրակը թիրախային էր։ Հայկական կողմը չի պատասխանում կրակով։ Ռուս խաղաղապահները նույնպես չեն խառնվում։

Ադրբեջանը ռազմական բախում կսադրի՞ Արցախում։ Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Արցախում, փաստացի, միայն հայկական կողմի հրավերով։ Ալիեւը չի ստորագրել ռուս խաղաղապահների տեղակայման մասին համաձայնագիրը։

Ռուս խաղաղապահների այդ կարգավիճակը եւ Արցախում խաղաղություն ապահովելու ունակությունը հարցեր է առաջացնում։ Թե՞ ռուս խաղաղապահներն այլ առաքելություն ունեն Արցախում։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/13/613857/