Իմ քայլը խմբակցությունը դեմ է քվեարկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ «ՀՀ ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին հայտարարության նախագիծը» ԱԺ նիստերի օրակարգ ընդունելու հարցը։ Մինչ այդ, իշխող մեծամասնությունը դեմ է եղել եռակողմ հայտարարության իրավաչափության մասին ԱԺ-ում քննարկումներին, ինչպես նաեւ գերիների հարցը քննարկելու նախաձեռնությանը:


Իշխող մեծամասնության պատգամավորները զավեշտալի պատճառաբանություններ են բերում, ընդհուպ՝ որ գերիների հարցի քննարկումը ԱԺ-ում կարող է վնասել վերադարձի գործընթացին, ծանրացնել գերիների վիճակը: Սակայն առաջին հայացքից է դա զավեշտալի, իրականության մեջ իշխող մեծամասնությունը դրանով ցույց է տալիս, որ կատարում է Պուտին-Ալիեւ տանդեմի հրահանգները, ինչպես նաեւ խոստովանում, որ գերիների հարցով գտնվում է այս տանդեմի շանտաժի տակ:

Դա իհարկե պարզ էր վաղուց, բայց դա չի փոխում իրավիճակը: Ազգային ժողովն այսպիսով դադարում է գոյություն ունենալ որպես պետական բարձրագույն ինքնիշխան մարմին՝ իշխող մեծամասնությունը հրաժարվում է քննարկել երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը ոչնչացրած եռակողմ հայտարարությունը եւ գործում է արտաքին ցուցումներով եւ շանտաժի տակ: Քննարկման փաստն ինքնին կարեւոր կլիներ, արտաքին աշխարհին, այդ թվում եռակողմ հայտարարության հեղինակներին որոշակի ազդակներ հղելու առումով:

Իշխող մեծամասնության այս քայլը Հայաստանի պետականության ոչնչացման դեմ ներքին դիմադրության չեզոքացման տրամաբանության մեջ է: Հանուն արդարության պետք է նշել, որ այդ տրամաբանության մեջ են նաեւ ՀՀ նախագահը, խորհրդարանական ու արտախորհրդարանական 17-ի ձեւաչափի մասնակիցները, որոնք ողջունել են եռակողմ հայտարարությունը:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/18/614684/