«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը զբաղված են սեփական օրակարգերով, իրար հասցեին մեղադրանքներ եւ վիրավորանքներ հնչեցնելով, իսկ իրականում՝ աթոռակռվով, թշնամական երկու երկիր՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, փետրվարի 1-ից 12-ը պատմական Հայաստանի Կարս քաղաքում համատեղ զորավարժություն կանցկացնեն, որին կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ:

Ինչպես հայտնում է Թուրքիայի իշխանամերձ «Ahaber» լրատվամիջոցը, առաջիկա այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Հայաստանին։ Նկատենք՝ նախորդ անգամ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները տեղի էին ունեցել 2020-ի օգոստոսին, որից մեկ ամիս անց Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Արցախի վրա:


Ընդ որում, ադրբեջանաթուրքական զորավարժությունների մասին հայտարարվեց Տավուշի մարզի Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ հուլիսի 12-ին սկսված հայ-ադրբեջանական ռազմական գործողություններից հետո, որոնց արդյունքում հայկական կողմը, փաստորեն, ունեցել էր դիրքային առավելություն: Ֆիքսենք, որ այս անգամ եւս զորավարժությունները տեւելու են տասը օր, ինչպես եւ եղավ ամռանը:

Որքանո՞վ են այս անգամ զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար, եւ ի՞նչ դեր պետք է ունենա ՀՀ անվտանգության երաշխավոր Ռուսաստանի Դաշնությունը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Մորոզովի հետ, որը շտապեց հայտնել, թե չպետք է անհանգստանալ այդ զորավարժություններից՝ հիշեցնելով, որ այժմ Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահներն են.

«Աշխարհաքաղաքական իրավիճակը, որն այժմ ստեղծվել է Կովկասում, հնարավորություն է տալիս խաղաղություն պահպանել տարածաշրջանում՝ շնորհիվ ռուս խաղաղապահների առկայության: Ի տարբերություն Թուրքիայի, որն առաջին օրերից ամեն կերպ աջակցում էր Ադրբեջանին, Ռուսաստանի Դաշնությունը խաղաղության կողմնակից էր: Իհարկե, Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարտություն է համարում, սակայն դա միակ խելացի փոխզիջումն էր: Հայաստանում իշխանության պետք է գա ազգային լիդեր, որը Հայաստանը կհանի այս վիճակից»:

Եվ չնայած թուրք-ադրբեջանական զորավարժություններն անցկացվելու են Հայաստանի սահմանի մոտ, սակայն ռուս պաշտոնյան այդ ամենից Հայաստանի համար որեւէ վտանգ չէր տեսնում: Իսկ ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Թուրքիան այսպես ցանկանում է բարձր պահել իր քաղաքական դերակատարությունը, քանի որ արցախյան պատերազմով հույս են ունեցել գոնե խաղաղապահներ տեղակայել, որը կրկին չի կայացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում