ՌԴ ԱԳ նախարար, Լավրովի պլանի հեղինակ Սերգեյ Լավրովն ի պատասխան լրագրողի հարցի էկզոտիկ է անվանել Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելու խոսակցությունը։ «Ղարաբաղի անկախությունը ոչ ոք չի ճանաչել, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը», ասել է նա, ավելացնելով, թե «Մենք անգամ դրան մոտ միտք չունենք»։ Թե ինչ կապ ունի Ղարաբաղի ճանաչումը Ղարաբաղը ՌԴ կազմ ներառելու հետ՝ դժվար է ասել։


Լավրովն այսպիսի «ցրողական» պատասխաններ է տվել նաեւ այլ հարցերի, մասնավորապես նոյեմբերի 9-ի հայտարարության հնարավոր գաղտնի հավելվածների, գերիների հարցի, Մինսկի խմբում Ղարաբաղի կարգավիճակի եւ այլնի առնչությամբ։

Խնդիրը միայն այն չէ, որ ամեն ինչի մեղքը գցվում է բացառապես հայկական կողմի վրա, եւ Հայաստանը կանխորոշված պարտությամբ պատերազմից հետո ներկայում քավության նոխազի դերում է։ Նման մոտեցումը չի կարող երկար կենսունակ մնալ նույնիսկ Հայաստանում կոլաբորանտական բնույթի խամաճիկ իշխող խմբի ու գերազանցապես ռուսահպատակ քաղաքական դաշտի առկայությամբ, պատերազմի տարբեր փուլերի մասին հեքիաթներով, իսկ հարցերն անընդհատ առաջանում են, եւ դրանց պատասխանել է պետք։

Լավրովի եւ ռուս այլ պաշտոնատարների վերջին շրջանի հայտարարությունները վկայում են, որ Ղարաբաղում Մոսկվայի «գաղտնի հավելվածները» ջրի երես են դուրս գալիս, իսկ փնթի ու կացնային քարոզչությունը հակառակ հարցադրումներ է առաջացնում։ Օրինակ, ինչու էր պետք Բերձոր-Շուշի գծով ռազմական գործողությունների դադարեցումը, կամ արդյոք հայկական կողմի հաղթանակի դեպքում ռուս խաղաղապահները կհայտնվեին Արցախում, եւ այլն։

Միեւնույն ժամանակ, հայկական իրավունքների տոտալ անտեսումը Ռուսաստանին «չեզոք միջնորդից» վեր է ածել ագրեսիայի կողմի՝ դրանից բխող հետեւանքներով։ Ղարաբաղը դարձավ խորհրդային կայսրության կառավարելի ապամոնտաժման սկիզբը, այստեղ էլ երեւում է ամեն ինչ կավարտվի։ Մոսկովյան ներկայիս քաղաքականությունն այլ ելք չի ենթադրում։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/19/615166/