ԱՄՆ-ում նոր վարչակարգի հաստատումից հետո կտրուկ ակտիվացան Արցախի խնդրի երկարատեւ լուծման եւ կարգավիճակի որոշման շուրջ խոսակցությունները: Նախորդ վարչակարգի օրոք ԱՄՆ-ն սպասողական դիրքում էր: Պատերազմի առաջին օրերին Թրամփը հայտարարեց, թե «տեսնենք ինչ կարող ենք անել», հետագայում պետքարտուղար Պոմպեոն հույս հայտնեց, որ «հայերը կդիմանան»: Դիմացա՞ն հայերն առնվազն 4 ճակատով՝ Ռուսաստան, Թուրքիա, «Ադրբեջան», Իսրայել պատերազմին՝ հարաբերական է: Հայաստանյան քաղաքական դասն իր իշխող ու չիշխող բացադրիչներով կապիտուլյացվեց, բայց Հայաստանն, ըստ էության, դիմացավ, դեռ կա պետությունը, որի ստորագրությունն ու քաղաքական դիրքորոշումը վճռորոշ կլինեն:


Բայդենի վարչակազմում պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը, գրավոր պատասխանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հարցերին, շեշտել է, որ այդ պաշտոնում իր թեկնածության հաստատման դեպքում ինքը կաշխուժացնի ԱՄՆ-ի ներգրավվածությունը` գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումը: Բլինքենը հավելել է, որ դա ենթադրում է Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ ներգրավվածության ակտիվացումը և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար: Նա նաեւ ասել է, որ Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի Ադրբեջանին անվտանգության օգնությունը, եւ եթե հանգամանքները պահանջեն, Բայդեն-Հարիսի վարչակազմը պատրաստ կլինի դադարեցնել Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի պահանջներից ազատումը։


Իր հերթին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր Ժողովրդավարությունն անգին է հոդվածում անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան խնդրին. «Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար», գրել է Թրեյսին, ավելացնելով, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի վերականգնմանը առաջիկա տարիների ընթացքում։


Թե Բլինքենի, թե Թրեյսիի հայտարարություններում արձանագրվում է, որ Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, միեւնույն ժամանակ կա զգուշացում Ադրբեջանին եւ «երրորդ երկրներին»: Բաքվի պարագայում փաստացի խոսվում է հնարավոր պատժամիջոցների մասին:

Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի ներգրավվածությունը, եւ արդյոք Վաշինգտոնը հետեւողական է լինելու իր հայտարարություններում: Միեւնույն ժամանակ, պարզ չէ, թե ինչպես է շարունակվելու «բանակցային գործընթացը», թեեւ Ադրբեջանի եւ երրորդ երկրների հիշատակումը կարող է նշանակել, որ Մինսկի խմբում գործընթացի շարունակումը խոչընդոտելու պարագայում Մոսկվան, Բաքուն եւ Անկարան կարող են հայտնվել ԱՄՆ ճնշման տակ, կամ կարող է խթանվել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը:

Ամեն դեպքում, ԱՄՆ-ն մյուս համանախագահ Ֆրանսիայից ու Եվրոպական մի շարք երկրներից ու կառույցներից հետո հստակեցնում է իր դիրքորոշումը: Դա հակասում է Մինսկի խմբում երրորդ համանախագահի՝ Ռուսաստանի դիրքորոշմանը, ըստ որի՝ հակամարտություն այլեւս չկա, իսկ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է: Եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան ի դեմս Ֆրանսիայի բարձրացնում են կարգավիճակի եւ հարատեւ լուծման հարցը, նշանակում է Ղարաբաղը չեն համարում Ադրբեջանի տարածք, դա էլ նշանակում է դեօկուպացիա՝ տեղահանվածների վերադարձով:

Ի՞նչ դիրք կբռնի Ռուսաստանը: Կշարունակի՞ պնդել իր դիրքորոշումը, որն այս ֆոնին լիովին հակահայկական ու թշնամական է դառնում: Մոսկվան տարտամ հայտարարություններ է անում Մինսկի խմբում կարգավիճակի որոշման հնարավորության մասին, միաժամանակ արագացված իրագործում հակահայ եռակողմ հայտարարությունը՝ անդառնալի իրավիճակներ ձեւավորելու համար:

 
Իր հերթին, Ռուսաստանը կանգնած է նաեւ այլ խնդրի առաջ՝ նա արդեն իսկ հակամարտության կողմ է ընդդեմ Հայաստանի, եւ այս իրավիճակը շարունակելու պարագայում կարող է ամբողջությամբ կիսել Բաքվի եւ Անկարայի դեմ հնարավոր մեղադրանքներն ու պատժամիջոցները Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի ու պատերազմական հանցագործությունների համար:

Եթե Ռուսաստանը «ճար չուներ», ինչպես պնդում են ռուսների համար սրտացավ շրջանակները, ներկայում նրան առաջարկվում է այդ ճարը՝ դուրս գալ հանցավոր ու նվաստացուցիչ իրավիճակից:

Այս պարագային, ավելորդ է ասել, որ առանցքային է դառնում Երեւանի պահվածքը՝ այն շարունակում է «լեգիտիմացնել» ռուս-թուրքական համաձայնություննե՞րը, թե՞ պատրաստ է պաշտպանել հայկական իրավունքները նոր իրավիճակում:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/25/616223/