Այսօր աշխարհը, ըստ էության, գտնվում է լրջագույն ճգնաժամային իրավիճակում. այդ ճգնաժամը ոչ միայն փոխադարձ հակամարտությունների, մրցակիցներին շարքից հանելու, նոր կորոնավիրուսի ազդեցության հետեւանք է, այլեւ մի կողմից վայրի լիբերալիզմի, համաշխարհային գլոբալիզմի, ապազգայինի, եւ մյուս կողմից՝ ազգային ինքնության ու ազգային նկարագրի, ազգային արժեքների եւ ավանդույթների, ազգային պետության պահպանման միջեւ բիրտ պայքարն է: Այս մասին ԵԽԽՎ-ում իր ելույթում նշել է հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ համար մեկ բան ակնհայտ է. եթե դու չես կարողանում գնահատել ազգային արժեքները, ընտանեկան արժեքները, լսել նախնիներիդ կանչը, ուրեմն դու մերժում ես այն, ինչից դու լույս աշխարհ ես եկել:
Բոլորին է հայտնի, որ նեոլիբերալիզմի եւ գլոբալիզմի գաղափարները գործնականում կյանքի կոչելու համար աշխարհում տասնյակ տարիներ ի վեր հայտնի է այսպես կոչված «Բաց հասարակության հիմնադրամը» կամ այլ կերպ ասած՝ Սորոսի հիմնադրամը:
Այս հիմնադրամը աշխարհի տարբեր երկրներում ֆինանսավորում է հասարակական, իրավապաշտպան եւ այլ կազմակերպությունների: Սորոսի հիմնադրամի գումարներով բազմաթիվ երկրներում տեղի են ունեցել իշխանափոխություններ եւ հեղաշրջումներ, ազգային արժույթները տապալվել են, որի հետեւանքով շատ երկրներում ծաղկել է աղքատությունը:
Խոսքը գնում է տասնյակ եւ հարյուր միլիոնավոր դոլարների մասին:
Դրա վառ օրինակն է Ալեքսեյ Նավալնիի գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում: Թե ինչ իրական նպատակներ է հետապնդում Նավալնին ՌԴ-ում, շատ լավ գիտեն Ռուսաստանում, բայց մի բան ակնհայտ է՝ որպես ընդդիմության առաջնորդ նա որեւէ ժողովրդականություն չի վայելում, բայց, ինչպես ասում են, պղտոր ջրում ցանկանում է ձուկ որսալ:
Որպես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ՝ պետք է ասեմ, որ 2018թ. մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության իրականացման գործում նույնպես մեծ եւ վճռական դերակատարություն ունեցան այսպես կոչված «սորոսականները», որոնք տարիներ շարունակ ձեւավորել էին իրենց ցանցը՝ իրավապաշտպանների, ԶԼՄ-ների եւ մի շարք հասարակական կազմակերպությունների միջոցով՝ ստանալով ընդհանուր առմամբ տասնյակ միլիոնավոր դոլարներ:
Փոքր չափերով Հայաստանում մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումը հանրային կյանքի տարբեր բնագավառներում ունեցավ վճռական ազդեցություն: Օգտագործելով նախկինների բացթողումները եւ սոցիալական խնդիրները, արդարության դեֆիցիտը՝ նրանք ժողովրդի դժգոհությունն օգտագործեցին ապազգային քաղաքականության իրագործման համար:
Այժմ էլ ՀՀ-ն անվտանգային առումով լուրջ խնդիրներ ունի: Մեր պարտության պատճառներից մեկն էլ այն է, որ սորոսական գաղափարախոսությունը եւ դրա գործնական իրականացումը հակասության մեջ մտավ եւ ջարդեց ազգային արժեհամակարգի ողնաշարը մեր երկրում:
2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախում իրական ցեղասպանություն էր: Մենք ունեցանք հազարավոր զոհեր, 10 հազարից ավել վիրավորներ, խեղված ճակատագրեր: Եվ որքան էլ մեր երիտասարդ զինվորների, փորձված աշխարհազորայինների ազգային ոգին բարձր է, սակայն ապազգային եւ սորոսական գլոբալիստական կառավարման համակարգը կախված էր մեր հերոսների ոտքերից՝ որպես քար: Արդյունքում մենք զիջեցինք 90-ականների մեր հաղթանակը:
Հիմա Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում:
Եվրոպա՛, ես քեզ ուղիղ հարց եմ տալիս՝ ու՞ր էիր դու 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ինչու՞ ձայնդ չէր լսվում:
Պատերազմը կանգնեցրեց Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինը:
Եվրոպան բացակա էր:
Հիմա եթե Ռուսաստանը լիներ Եվրոպայի նման հեռու, մենք չէինք ունենա ընդհանրապես Արցախի փրկված մասը, իսկ ՀՀ-ն կհայտնվեր շատ բարդ իրավիճակում:
Նավալնու երազած Ռուսաստանը ազգային ինքնությունը կորցրած Ռուսաստանն է, որը շատ ու շատ հեռու կլինի իմ հայրենիքից:
Սեփական հոր եւ մոր դեմ չի՛ կարելի գնալ, Ալեքսեյ Նավալնի:
Եվրոպա՛, ավելի ճիշտ՝ գլոբալիստների ձեր ճգնաժամը մի՛ փաթեթավորեք ՌԴ-ի միջոցով եւ մի՛ օգտագործեք Նավալնուն՝ որպես էժանագին գործիք:
Դա ապագա չունի»: