«Էխո Բաքու» եւ այլ հարթակներում թափ է հավաքում քննարկումն այն մասին, թե ինչ կա Ղարաբաղի վերաբերյալ Լավրովի ու Բլինքենի հայտարարությունների հետեւում։ «Հնարավո՞ր է Արեւմուտքը կոշտացնի քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ։ Հնարավո՞ր է կանխատեսել կոսովյան սցենարի կրկնության հնարավորություն», – հարց են տալիս ադրբեջանցի քաղաքագետները։


Անհանգստության հերթական առիթն այն է, որ SOCAR պետական նավթային ընկերության նկատմամբ արտաքին կառավարում է հաստատվել՝ Դիտորդական խորհուրդ։ «SOCAR-ը կարո՞ղ է կրկնել Միջազգային բանկի ճակատագիրը։ Չէ՞ որ SOCAR-ը մեծ պարտքեր ունի։ 2019 թվականի արդյունքներով SOCAR-ը տարբեր աղբյուրներից 10 միլիարդ դոլարի պարտք է վերցրել։ Արժե հիշեցնել, որ Միջազգային բանկը ժամանակին վատնել է 12 միլիարդ մանաթ։ Այսինքն, մոտ 15 միլիարդ դոլար նախքան արժեզրկման փոխարժեքով», – ասում են փորձագետները։ Քաղաքագետ Ռաուֆ Միրկադիրովը կարծում է, որ Դիտորդական խորհրդի ստեղծումը ըստ էության արտաքին կառավարում է պետական ընկերության վրա։ Այդպես, որպես կանոն, լինում է սնանկության հատատարումից առաջ կամ հետո։


Թուրք, իսրայելցի, պակիստանցի, սիրիացի ու լիբիացի վարձկանների անմիջական օգնության շնորհիվ Ադրբեջանին հաջողվեց առավելություն ստանալ Արցախին պարտադրված պատերազմում։ Այդպիսով, Իլհամ Ալիեւին հաջողվեց կյանքի կոչել Ադրբեջան անվանումով ահաբեկչական պետության ազգայնական հավակնությունները։ Սա գրում է ֆրանսիական Le Monde-ը։

2014 թվականից նավթի գների նվազումը թուլացրել է Ադրբեջանի գնողունակությունը, որի տնտեսությունը մեծապես կախված է ածխաջրածիններից։ Իլհամ Ալիեւը կարողացել է խուսափել սոցիալական ցնցումներից զուտ պատերազմի օգնությամբ եւ կուտակված ատելությունն ու ագրեսիան ուղղել Արցախի հայերի դեմ, գրում է թերթը։

«Այն, որ հիմա հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ են տեղակայված, իհարկե, մտահոգում է ադրբեջանցիներին, եւ սա շատ լուրջ խնդիր է Ալիեւի համար։ Ընդդիմությունը, սոցիալական հարցերից բացի, բարձրացնում է նաեւ այս հարցը։ Օկուպացված տարածքներում ադրբեջանցիների վերաբնակեցումը շատ թանկ կարժենա, դա չի համապատասխանում նրանց տնտեսական ներուժին», – գրում է հեղինակը։

Ադրբեջանում իրոք դժգոհ են։ Ալիեւին մեղադրում են, որ երկրում տնտեսական ավերածությունների ֆոնին հսկայական միջոցներ է ծախսում Ղարաբաղում ցուցադրական ճանապարհներ կառուցելու համար։ Ազգայնական ընդդիմությունն Ալիեւին մեղադրում է Մոսկվայի հետ գործարքի մեջ։ Ադրբեջանցի գործիչները հարցնում են, թե ինչու Ալիեւը չգրավեց Ստեփանակերտը եւ կանգ առավ Շուշիում։ Նրանք ասում են, որ Ալիեւն իզուր է իրեն վերագրում «հաղթանակը», որը ձեռք է բերել հազարավոր ադրեբջանցիների կյանքի, Թուրքիայի ու Ռուսաստանի հետ գործարքի գնով՝ ինքնիշխանության ու ապագա բանակցություններում բոլոր փաստարկների կորստի հաշվին։

 
Բանակցություններն աստիճանաբար սկսում են ուրվագծվել։ Փետրվարի 4-6-ը աշխատանքային այցով Մոսկվա կայցելի Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատար Ժոզեֆ Բորելը, որը քննարկելու է միջազգային իրադրությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։

Մի քանի օր առաջ Եվրախորհրդարանը կոշտ բանաձեւ է ընդունել։ ԱՄՆ-ն ու Եվրոպան ավելի հստակ են սկսել խոսել իրենց դիրքորոշման մասին, եւ եթե Հայաստանը հայտարարի իր իրավունքների մասին, Ադրբեջանը կմնա առանց փաստարկների։ Առայժմ «փաստարկը» Ռուսաստանն է, բայց դա ավելի է խորացնում իրավիճակը՝ Եվրոպան ու ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ են նախապատրաստում Ռուսաստանի դեմ։

Ադրբեջանցի փորձագետները մեղադրում են Ալիեւին, որ նա խաղադրույք է արել Ռուսաստանի վրա։ 2018 թվականին Ադրբեջանը համաժողով էր անցկացրել «Բաքու-Մոսկվա աշխարհքաղաքական առանցք․ Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակից» թեմայով։ Փորձագետները գրում են, որ 2020 թվականի ապրիլի 4-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանը հայտարարել էր «Ռուսաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր»։ Ռուսաստանն ու Ադրբեջանը սկսել են քննարկել միջուկային ոլորտում համագործակցությունը։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/26/616752/