Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 3-ին առաջին տնային հանդիպումը կանցկացնի Եվրո-2022-ի ընտրական մրցաշարում:
Երկրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կընդունի Ֆրանսիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին և առանց երկրպագուների կանցկացվի կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով:
2 թիմերն էլ առաջին տուրի խաղերն անցկացրել են հունվարի 29-ին: Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0:6 հաշվով պարտվել էր Ռուսաստանին, իսկ ֆրանսիացիները 4:4 հաշվով էին ավարտել Վրաստանի հավաքականի դեմ հանդիպումը (2-րդ խմբի խաղացանկը):
Նախօրեին Հայաստանի հավաքականը նախաղային մարզում է անցկացրել Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում:
Հիշեցնենք, որ Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ էր տարել բուլղարացիների նկատմամբ (4։0, 3։1)։