Երեւանի վարչական շրջաններում հուլիսի 1-ից մեկնարկել եւ շարունակվում են ամառային բակային ճամբարները: Մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր, բովանդակալից ու լիարժեք դարձնելու նախաձեռնությունը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանինն է:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ծրագրի շրջանակում երեխաները մասնակցում են ինչպես մշակութային, այնպես էլ մարզական տարաբնույթ միջոցառումների եւ մրցույթների: Ճամբարային առօրյայի շրջանակում երեխաների համար կազմակերպվում են անվճար էքսկուրսիաներ Կենդանաբանական այգի եւ թանգարաններ, նաեւ այցելություններ պատմամշակութային վայրեր:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը տեղեկացրել է, որ ծրագրի մեկնարկից առ այսօր բակային ճամբարներին մասնակցել է տարբեր տարիքային խմբերի ավելի քան 10 հազար երեխա:
Ի դեպ, միջոցառումների ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել նաեւ ծնողների ու երեխաների առաջարկները:
Մայրաքաղաքում կազմակերպվող բակային ճամբարները շարունակվելու են մինչեւ նոր ուսումնական տարվա մեկնարկը: