«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ որ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, հեղափոխական երիտասարդները հայտարարում էին, թե ամենուր լինելու են հեղափոխական փոփոխություններ, և մարդիկ տեսնելու են, թե ինչպես են տարիներով չլուծված հարցերը լուծում ստանալու: Ավա՜ղ, սխալվեցինք:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղել է «Կիլիկիա» ավտոկայանում՝ պարզելու՝ արդյոք հեղափոխությունից 3 տարի անց արդեն ունենք եվրոպական չափանիշներով ավտոկայան: Նախկինում տրանսպորտի, իսկ այսօր ԲՏ նախարար Հակոբ Արշակյանը, իսկ այժմ էլ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը մեծ թափով ավտոկայանի նախկին անձնակազմին վերից վար փոխեցին՝ այդպես հայտարարելով, թե արդարություն են վերականգնում և փրկում կայարանը կործանումից՝ տանելով դեպի զարգացում: Բայց այն, ինչ արձանագրեցինք, իրականում հիասթափեցնող էր:

Կհիշեք՝ դեռևս 2019 թվականին այդ ավտոկայանի հակասանիտարական վիճակին անդրադարձել է անգամ ներկայիս Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը (2019-ին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար էր):

Նախարարը ուղիղ հեռարձակմամբ հայտարարել էր. «Ահավոր հակասանիտարական վիճակ է հատկապես զուգարաններում, տասնյակ տարիների ընթացքում որևէ աշխատանք չի իրականացվել»: Այսպիսով, ավտոկայանի ճակատագիրը փրկելու համար Արշակյանը Ռոման Համբարձումյանին նշանակեց տնօրեն:

Այս ինքնագոհ երիտասարդը հայտարարում էր, թե ներդնելու է էլեկտրոնային միասնական տոմսային համակարգ, վերացնելու է ավտոկայանի հակասանիտարական վիճակը: Բայց ինչպես փորձն է ցույց տալիս, նման մեծամիտ հայտարարություններ անողները սովորաբար անգործունակ են լինում և ընդամենը օդում պղպջակ արտադրողներ են:

Ամեն դեպքում, նախարարների նշանակած կադրերի աշխատանքի արդյունավետության մասին հայտարարությունների հետքերով գնալով՝ «Ժողովուրդ» օրաթերթը «Կիլիկիա» ավտոկայանում արձանագրեց, որ Ռոման Համբարձումյանն իր աշխատանքային մի քանի ամիսներում միայն զուգարանն է նորոգել: Այսինքն՝ մի քանի ամիս էր պետք ավտոկայանի փրկչին զուգարան նորոգելու համար: Բայց զավեշտը դեռ այսքանով չի ավարտվում. ArmLur.am լրատվականը պարզեց, որ զուգարան նորոգած Ռոման Համբարձումյանն այդ գործը արել է՝ ոչ ի շահ քաղաքացու, այլ կոմերցիոն նպատակներով:

Այսօր զուգարանից օգտվելու համար և՛ վարորդները, և՛ քաղաքացիները 100 դրամ են վճարում ավտոկայանում:

Բայց այդ ընթացքում զուգարան նորոգած Ռոման Համբարձումյանը միայն ավտոկայանի տնօրենը չի եղել. նա միաժամանակ «Veolia Armenia» ԵՏԱՏ Կենտրոն տեղամասի պետ էր: Այսինքն՝ միաժամանակ 2 աշխատանք ուներ և, բնականաբար, չէր կարող 2 տեղ աշխատանք ունեցող մարդը զուգարան նորոգելուց բացի այլ բան հասցնել: Համենայնդեպս, վարորդները մեզ հետ զրույցում նկատեցին, որ Համբարձումյանին շատ են տեսել «ջրմուղի մեքենայով» ավտոկայան գալիս ու շուտ գնալիս:

Ահա այսպես երիտասարդը մեծապես տապալել է իր աշխատանքը, խոստումները չի կատարել, քանի որ էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի մասին ավտոկայանում ժպիտով էին խոսում:

«Կիլիկիա» ավտոկայանի պետ Սամվել Խաչատրյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ ինքը պաշտոնավարման 3 ամիսների ընթացքում հասցրել է մի շարք խնդիրներ լուծել. «Ամբողջ ավտոկայանը այժմ լուսավորվում է. խոսքը դրսի արտաքին լուսավորման մասին է:

Նախկինում ավտոկայանի դահլիճում մութ է եղել, այժմ լուսավոր է: Ավտոկայանի տանիքն է մասնակի վերանորոգվել, նախկինում ջուրը չռռում էր: Մասնակի վերանորոգում արեցինք, այդ ջրերը կտրեցինք»:

Այսպիսով, Ռոման Համբարձումյանը արդեն 3 ամիս է՝ ավտոկայանի տնօրենը չէ, փոխարինող ունի, բայց գործող իշխանությունը ոչ թե պատժել է ձախողած տնօրենին, այլ մոռացության մատնել:

Բայց զուգարան նորոգած Ռոման Համբարձումյանին նրա թշնամիները չեն մոռացել, և նույնիսկ տնօրենի պաշտոնը չկարողացավ օգնել՝ խուսափելու վրեժխնդրությունից:

Դեռևս 2019 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Ռոման Համբարձումյանի սեփական տան բակում անհայտ անձինք այրեցին նրա ավտոմեքենան: Ովքեր էին, ինչու՝ այդպես էլ լայն հանրությունը չիմացավ: Թերևս դրա համար էլ «Վիոլիա ջուր»-ի ավտոմեքենայով էր երթևեկում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: