Քննչական կոմիտեն ուսումնասիրում է 15-ամյա Հրաչյա Ներսիսյանի՝ համակարգչային խաղերով տարվելու և դրա ազդեցության տակ ինքնասպանություն գործելու վարկածը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ 2005թ ծնված անչափահասի անհետ կորելու մասին հաղորդում է ներկայացվել հունվարի 29-ին՝ ժամը 21։30-ին։ Իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2021թ. հունվարի 31-ին տղայի դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ կտորե պարանով ծառից կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ տաբատի գրպաններից հայտնաբերվել են տղայի անձնական իրերը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
15-ամյա պատանու մահվան լուրը մեծ աղմուկ է բարձրացրել, իսկ մամուլում շրջանառվել են տարբեր վարկածներ՝ պատանու մահվան հանգամանքների վերաբերյալ։ Մասնավորապես հայտարարվել էր, թե տղան խաղացել է «Синий кит» համակարգչային խաղը, որի ավարտին, եթե խաղի մասնակցին չի հաջողվում հաղթել, ապա պետք է կատարի իրեն բաժին հասած հանձնարարությունը, որը կարող է լինեն ինքնավնասում, որևէ մեկի դեմ մահափորձ կամ ինքնասպանություն։
«Փաստինֆո»-ն դիմել էր ՀՀ ՔԿ՝ պարզելու, թե նախաքննական մարմնի կողմից քանի վարկած է առաջ քաշվել՝ պատանու մահվան հանգամանքների շուրջ եւ արդյոք համակարգչային խաղերի ազդեցության տակ ինքնասպանություն գործելու վարկածն ուսումնասիրվում է, ինչին ի պատասխան պաշտոնապես տեղեկացրել են, 15-ամյա պատանու մահվան կապակցությամբ մշակվել են մի շարք վարկածներ, այդ թվում քննության առարկա է դարձվել՝ համակարգչային խաղերով տարվելու և դրա ազդեցության տակ ինքնասպանություն գործելու վարկածը:
ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանի փոխանցմամբ՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ: «Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն: Նախաքննությունը շարունակվում է»,- նշեց Եգանյանը: