Սյունիքի մարզի Ագարակ գյուղում հաճախակի են հնչում կրակոցներ. հակառակորդը կրակում է տրամաչափի զինատեսակներից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ագարակի գյուղապետ Հայկ Սահակյանը։
Նա ասաց, որ հիմա կրակոց չկա, սակայն հակառակորդն այնքան մոտ է, որ ամեն րոպե էլ սպասում են կրակոցի. «Խնդիրը ներկայացրել ենք ռուս խաղաղապահներին, նրանք էլ ասել են՝ էլ չեն կրակի»։
Սարգսյանի խոսքով՝ գյուղի ներքեւի հատվածում 1 կմ հեռավորության վրա է թշնամին, իսկ վերեւի հատվածից հակառակորդն առաջ է եկել. 4 կիլոմետրից հսկում են։
Սահակյանն ասաց, որ գյուղում 40 տուն կա. հարեւան գյուղում տներն ավելի շատ են, այնտեղ նույնպես հնչում են կրակոցներ։
«Օդ են կրակում՝ վախեցնելու համար։ Տեսնում են, որ երեխաները դրսում խաղում են, դրա համար էլ կրակում են, որ վախենան»,- ասաց նա։
Գյուղապետի խոսքով՝ գյուղում արոտավայրերի խնդիրը կա. «Գարունը շուտով կբացվի, արոտավայր էլ չկա։ Ամբողջն իրենց վերահսկողության տակ է։ Հարցն ինչ լուծում ստանա, իրենց է պատկանում արդեն»։
Նա ասաց, որ նոյեմբերի 10-ից հետո Ագարակի ճանապարհը փոխվել է, այլընտրանքային ճանապարհից են օգտվում, որն էլ անմխիթար վիճակում է։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարեւանությամբ կրակում ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից: