Խնձորեսկցին այսօր հնարավորություն չունի իր իսկ սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու, քանի որ զինված թշնամին «այդպես է կամենում»: Այս մասին Խնձորեսկի գյուղապետարանի ֆեյսբուքյան էջում գրել է գյուղի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Երեկվանից համացանցում, եւ ոչ միայն, ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սահմանամերձ գյուղերի՝ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ցուցակը:
Պատերազմի ավարտից ի վեր՝ տեղի են ունենում սահմանազատման աշխատանքներ, որոնց, հայկական կողմից, մասնակցում են տեղաբնակները եւ բանակը. պարզ է, որ կառավարությունից ոչ ոք տեղյակ չէ, թե որ գյուղը թշնամու հետ սահմանային ինչ մակարդակի եւ լրջության խնդիրներ ունի. արձանագրենք փաստ, որ սահմանի եւ սահմանային գյուղերի հետ կապված որեւէ ինֆորմացիայի կառավարությունը չի տիրապետում:
Խնձորեսկցին այսօր հնարավորություն չունի իր իսկ սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու, քանի որ զինված թշնամին «այդպես է կամենում»: 434 տնտեսություն ունեցող գյուղը, որի մշտական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է, այսօր կանգնած է ապրուստի միջոցն իսպառ կորցնելու առաջ. Խնձորեսկի երիտասարդներից ամեն մեկը մի ձորում, զենքը ձեռքին, քունն ու հանգիստը կորցրած, անասուն է պահում, որ կարողանա իր ընտանիքի կարիքները հոգալ, եւ հարց. սահմանամերձն էլ ո՞նց է լինում:
Հ.Գ. ՀՀ կառավարություն, լուրջ հարցերում մի՛ վռազիր, իսկ հավանությունն այդքան էլ քոնը չէ կարեւոր, այլ՝ սահմանին ապրող գյուղացունը. ամեն ինչ պետք է համապատասխանի իրականությանը»։