Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍՍ-ն մոռացել է, որ 1999թ․ հոկտեմբերի 27-ին ինքն է եղել ԱԱԾ և ՆԳ նախարարը։ Այդ օրը ՀՀ ԱԺ-ում սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահները, կառավարության անդամներ և պատգամավորներ։
ՍՍ-ն մոռացել է, որ իշխանության է եկել Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, որի ժամանակ սպանվել են 10 խաղաղ ցուցարարներ, ովքեր Երևանում մասնակցում էին հետընտրական ցույցերին։
ՍՍ-ն մոռացել է՝ ինչպես է անձամբ թույլ տվել, որ 2008թ․ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյի և հավաքականի մարզաշապիկի վրա զինանշանից Արարատ լեռան պատկերը հանվի թուրքերին հաճոյանալու համար։
ՍՍ-ն մոռացել է, որ անձամբ համաձայնել է ստորագրել հայ-թուրքական այնպիսի արձանագրության տակ, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։ Ըստ արձանագրության այդ հարցը պետք է վճռեր հայ և թուրք պատմաբաններից կազմված միացյալ հանձնաժողովը։
ՍՍ-ն անձամբ է համաձայնել ԼՂ կարգավորման մադրիդյան սկզբունքների հիման վրա ձևակերպված Կազանյան, ապա փոփոխված Լավրովյան պլանին, որը ենթադրում էր Արցախի շուրջ 5, ապա 2 շրջանների հանձնում Բաքվին՝ առանց Արցախի կարգավիճակի վերաբերյալ վերջնական լուծման։
ՍՍ-ն մոռացել է, որ 2013-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց և արևմուտքից դրական գնահատականից հետո Հայաստանի անվտանգության հավելյալ ապահովման միջոցները ներդնելու պատրվակով մեր երկիրը հրաժարվեց իր զարգացման կարևոր ուղղությունից՝ ԵՄ-ի հետ ասոցացման հնարավորությունից։
ՍՍ-ն մոռացել է իր պաշտոնավարման ժամանակ Ավետիսյանների ողջ գերդաստանի սպանությունը, Էլեկտրիկ Երևանը, գազային խայտառակ պայմաններով պայմանագրի կնքումը, Սասնա ծռերի ապստամբությունը, 2014թ․ լարումները, 2016-ի ապրիլյան պատերազմը և այլն։
ՍՍ-ն չի հիշում, որ 2016-ին ինքը ոչ միայն հրաժարվել է ճանաչել Արցախի անկախությունը, այլև նույն թվականին մերժել է Արցախի և Հայաստանի միջև ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել։
ՍՍ-ն մոռացել է, որ իշխանության է եկել արյան վրա՝ Մարտի 1-ից հետո կեղծված ընտրությունների արդյունքում, որից հետո բոլոր համապետական ընտրությունները՝ 2012-ին, 2013-ին, սահմանադրական հանրաքվեն 2015-ին և ԱԺ ընտրությունները՝ 2017-ին, անցկացվել են բռնություններով, ապօրինություններով, 2013-ին թեկնածուներից մեկի սպանության փորձով և այլն։
ՍՍ-ն անձնապես թույլ է տվել, որ 2015 թվականին Երևանում տեղի ունենա օրենքով գողերի մեծ հավաք՝ Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանում։
ՍՍ-ի օրոք Հայաստանի և Արցախի պաշտպանության բանակում տեղի են ունեցել ամենամեծ թվով սպանություններն ու ինքնասպանությունները։
ՍՍ-ի օրոք քրեական բարքերը ամրապնդվել են բանակում, ոստիկանությունում և իրավապահ համակարգում։
Իհարկե ՍՍ-ն չէր կարող կանխատեսել հեղափոխությունը, բայց հեղափոխություն թույլ չտալու համար այդ անձը ոչինչ չի արել:
Շարունակելի»: