Փետրվարի 19-ին Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Թուրքիան փորձում է կովկասյան աղեղն ամրապնդել Վրաստանի միջոցով։ Բաքվում արդեն քննարկում են ադրբեջանցի զինծառայողների մասնակցությունը Թուրքիայի «խաղաղապահ գործողություններին»։ Թուրքիան ադրբեջանցի ու վրացի զինվորականներին կհրավիրի՞ մասնակցելու Իրաքյան Քուրդիստանում «հակաահաբեկչական գործողությանը»։
Թուրքիան Իրաքում քրդերի դեմ գործողություն է սկսել եւ փորձում է դրանում ներգրավել ԱՄՆ-ին։ Ռուսաստանի հետ դաշինքի մեջ մտնելով՝ Թուրքիան փորձում է լուծել Ադրբեջանի հետ ցամաքային կապի հարցը Մեղրիի ու Սյունիքի մի մասի բռնակցման միջոցով։ Սակայն Երեւանը հայտարարում է, որ ցանկացած հաղորդակցություն Հայաստանի տարածքով լինելու է Հայաստանի իրավազորության տակ։
Թուրքիայի պաշտոնատար անձինք մեղադրում են ԱՄՆ-ին քրդական գործոնն օգտագործելով Թուրքիան մասնատելու մտադրության համար։ Հիմա Թուրքիան փորձում է ստանալ ԱՄՆ-ի աջակցությունն Իրաքյան Քուրդիստանում՝ փորձելով Էրբիլում ամերիկյան բազայի վրա հարձակման մեղքը բարդել քուրդ «ահաբեկիչների» վրա
Թուրքիան Իրաքում, Քուրդիստանի հյուսիսային Դոհուկ նահանգի Գար քաղաքի մոտ ծանր կորուստներ է կրել։ Փետրվարի 10-ից Թուրքիայի զինված ուժերն իրականացնում է «Արծվի ճանկ 2» ռազմագործողությունը, հակաահաբեկչական գործողության անվան տակ մտնելով Իրաքի հյուսիս։ Գար քաղաքի մոտ գտնվող քարանձավում 13 սպանված թուրքերի գտնելուց հետո Թուրքիայի ԶՈւ գործողությունների հետեւանքով սպանվել են եւս 3 թուրք զինվորականներ։
Ջո Բայդենը մինչ օրս հեռախոսազրույց չի ունեցել Էրդողանի հետ։ Բացի այդ, Պետդեպարտամենտը հայտարարել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Էրբիլում ամերիկյան բազայի գնդակոծությունը քննարկել է Իրաքյան Քուրդիստանի վարչակազմի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Իրաքի վարչապետի հետ։
«Մենք աջակցում ենք մեր իրաքցի գործընկերներին այդ հարձակումների քննության ջանքերում՝ անկախ այն բանից Իրանն է արել դա, թե Իրանի կողմից աջակցություն ստացող գրոհայինները։ Մեր իրաքցի գործընկերների հետ համակարգմամբ մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ, ցանկացած տեղում պատասխանելու այդ հարձակմանը։ Մենք դա անելու ենք մեր իրաքցի գործընկերների հետ համակարգմամբ, քանի որ խոսքն Իրաքի ինքնիշխանության մասին է», – նշված է Պետդեպի հաղորդագրությունում։ Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Սարայա Աուլիյա ալ-Դամ խմբավորումը։ Իրաքի իշխանությունների տվյալներով, այդ խմբավորումն աջակցություն է ստանում Իրանից։
Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) պատվիրակությությունները Սոչիում եռակողմ խորհրդակցություն են անցկացրել։
Փետրվարի 17-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանն այցելելու է Մոսկվա։ Անցած շաբաթ Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Բարզանիին։ Երեկ էլ կայացել է Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելիձեի ու նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեի հետ։