2020 թվականի նոյեմբերի 18-ին իր հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ի շրջանակում 18 միջոցառում ենք ընդունել, բայց պետք է ընդունել, որ այդ միջոցառումների իրականացման տեմպերի մեջ որոշակի խնդիրներ ունենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մասնավորապես, վիրավորված զինծառայողների աջակցության ծրագիրը, ոնց որ անհրաժեշտ տեմպով առաջ չի գնում: Ուզում եմ հիշեցնել նաեւ, որ անհետ կորած ու գերեվարված մեր հայրենակիցների ընտանիքներին աջակցության ծրագիրը դեռևս չի ամբողջացել: Այսինքն կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի հասել: Պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի»,- ասաց նա և նշեց, թե կարգերի մեջ պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի:


«Կարևոր թերություն եմ համարում այն, որ երեխաները, ոնց որ թե, որպես շահառու չեն հաշվառվում ու որոշակի հարցեր են առաջանում: Ես հանձնարարել եմ, որ այդտեղ որոշակի ուսումնասիրություն անենք, որոշակի ճշգրտումների կարիք կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե այս հարցով իրենք էլ են բողոքներ ստացել: «Այո, կան բողոքներ, բայց այն հրատապությունը, որ մենք պարտավոր էինք ապահովել նախորդ ժամանակաշրջանում, եւ նույնականացման գործառույթները ավտոմատացված կերպով, կոնֆլիկտի մեջ են: Այո, ճիշտ է, երեխաների խնդիրը կա, այո, մենք պետք է բարելավենք այս միջոցառումները: Ինչքան մենք շատ նույնականացնենք կարիքն ու շահառուին, այնքան գործընթացը սկսում է բարդանալ եւ ավտոմատացված ռեժիմը սկսում է նվազել»,-ասաց փոխվարչապետը: