Ժամանակին, թե ինչպիսի մեծ հույսերով էին մարդիկ ճանապարհ հարթում Նիկոլ Փաշինյանին իշխանության բարձունքին հասցնելու համար, ասելու անհրաժեշտություն չկա։ Շատ-շատերը նրա հետ էին կապում ոչ միայն երկրի ապագան, այլև իրենց բարեկեցությունը։
Այսօր էլ քիչ չեն նրանք, ովքեր շարունակում են հավատալ ու նույնիսկ երկրպագել Նիկոլ Փաշինյանին։ Այն Նիկոլ Փաշինյանին, ով ոչ միայն ոտնատակ արեց մարդկանց հույսերը, այլև վտանգեց երկրի ապագան։
Բայց նույնիսկ դա խոչընդոտ չէ, որպեսզի հասարակության մի ստվար հատված շարունակի պաշտպանել նրան։ Կարևոր չէ, որ նա երկիրը թաղել է ողբի ու թշվառության ճիրաններում, մինչդեռ ոսկե սարեր էր խոստանում և երջանիկ ապագա։ Երջանիկ ապագայի մասին հիմա, անշուշտ, քչերն են հիշում։ Հույսերը, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելուց հետո կյանքը փոխվելու է դեպի լավը, ոչնչով չարդարացան։
Հիմա Հայաստանում նույնիսկ մարդկանց ապրելը չի գալիս։ Ընդամենը մի կարճ ժամանակ էր պահանջվում, որպեսզի լավ ապրելու հույսերը վերածվեն հուսալքության։ Շատերն են սպասում՝ օրերը տաքանան, որպեսզի հեռանան Նիկոլ Փաշինյանի խոստացած լուսավոր Հայաստանից։ Այն Հայաստանից, որտեղ պիտի վերադառնային տարիներ շարունակ արտագաղթի ճանապարհին գտնվող մեր հայրենակիցները։ Նրանք այլևս չեն էլ մտածում Հայաստան գալու մասին, իսկ շատերն էլ պատրաստվում են հետևել նրանց օրինակին ու հեռանալ երկրից։
Նիկոլ Փաշինյանի խոստացած Հայաստանից այսօր ոչինչ չկա։ Այսօր մարդիկ շատ ավելի վատ են ապրում, քան ապրում էին մինչև նրա իշխանության գալը։ Իշխանափոխության 2,5-3 տարում հասարակության հիմնական մասի եկամուտներում այդպես էլ բան չփոխվեց։ Փոխարենը՝ գնաճը դարձել է մարդկանց առօրյայի անբաժանելի մասը։
Հավասար մրցակցային պայմանների ապահովման, մենաշնորհների վերացման, մրցակցային միջավայրի խորացման և շուկայում նոր մասնակիցների ներգրավման ճանապարհով սպասվող գների նվազեցումն այդպես էլ տեղի չունեցավ։ Ամենուրեք թանկացումներ են ու գնաճ։ Մարդկանց եկամուտները չեն ավելացել, շատ ու շատ դեպքերում նվազել են, իսկ գները, այն էլ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գները, բարձրանում են ու բարձրանում։ Եվ ինչո՞ւ միայն ապրանքներինը։ Թանկացել ու թանկանում են նաև ծառայությունները, այդ թվում՝ հանրային ծառայությունները։
Գազը մի քանի ամիս առաջ է թանկացել, էլեկտրաէներգիան թանկացավ օրերս, հունվարի 1-ից կտրուկ բարձրացել է փոստային ծառայությունների արժեքը։
Գների բարձրացումն ամենուրեք է, իսկ մարդկանց եկամուտների աճ չկա։
Եկամուտների աճ կա, բայց միայն իշխանության թիմի համար. իշխանության թիմը, անշուշտ, բարելավել է իր կյանքը, եկամուտներն էլ՝ ավելացրել։ Ոչինչ, որ շատ-շատերը կորցրել են նույնիսկ նախկինում ունեցածը։
Բազմահազար աշխատատեղեր բացելու ու բարձր աշխատավարձեր վճարելու խոստումները կատարելու փոխարեն՝ իշխանությունները խորացրել են գործազրկությունը։ Վերջին տվյալներով՝ Հայաստանի բնակչության 18,1 տոկոսը գործազուրկ է։ Իսկ այն աշխատատեղերը, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ սիրում էր տեղի-անտեղի խոսել, բոլորովին էլ նոր աշխատատեղեր չէին։ Դրանք կային նաև նրա իշխանության գալուց առաջ։ Աշխատատեղերը ոչ թե ստեղծվել են, այլ ընդամենը բացահայտվել։ Թերևս, դա է պատճառը, որ գործազրկության մակարդակը դրանից չի փոխվել։
Այսօր Հայաստանում շատ ավելի գործազուրկ կա, քան կար մինչև իշխանափոխությունը։ Գործազուրկների թիվն անցած տարվա երրորդ եռամսյակում հասավ 227 հազարի։ Կասկած չկա, որ չորրորդում այն ավելի մեծ է եղել։ Պաշտոնական աղբյուրներն են փաստում, որ սեպտեմբերից հետո առնվազն 20 հազար աշխատատեղ է կրճատվել։ Ու եթե դա ավելացնում ենք գործազուրկների թվին, ապա ստացվում է, որ անցած տարվա վերջին Հայաստանում առնվազն 247 հազար մարդ աշխատանք չի ունեցել։
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից առաջ պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում հաշվել էր 237 հազար գործազուրկ՝ նոր մեթոդաբանությամբ, որը գործողության մեջ էր մտել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Հին մեթոդաբանությամբ գործազուրկների թիվը 220 հազար էր։
Դժվար չէ տեսնել տարբերությունն իշխանափոխությունից առաջ և իշխանափոխությունից հետո։ Ու սա դեռ առաջին փուլն է։ Մեր տնտեսության վիճակն այնպիսին չէ, որ մտածենք առաջիկայում գործազրկության կրճատման ու աշխատանքի ցուցանիշների բարելավման մասին։ Շատ բան դեռ առջևում է, և պետք է սպասել վատագույնին։ Տնտեսությունն այս վիճակից տեղաշարժելու ծրագրեր անիմաստ է փնտրել կառավարության գործողություններում։ Այդպիսիք պարզապես չկան։ Չեն եղել նաև նախկինում։ Կառավարության տնտեսական ծրագրերը սահմանափակվել են իրականությունից կտրված հայտարարություններով, որոնց արդյունքներն այսօր տեսնում ենք. տնտեսական կյանքը 2021թ. Հայաստանում գտնվում է գրեթե մի մակարդակում, որն ունեցել ենք 2018թ.։
Բավական է հիշել, թե այս ընթացքում ինչքանով են ավելացել սոցիալական ոլորտի վճարները, որպեսզի պատկերացնենք, թե ինչ է փոխվել մարդկանց կյանքում։
Ամենաառաջնային ցուցիչը, անշուշտ, կենսաթոշակներն են։ Ինչպիսի՞ հույսերով էին մարդիկ սպասում իշխանափոխությունից հետո կենսաթոշակների բարձրացմանը և ի՞նչ ստացան։ 3 տարում կենսաթոշակներն ավելացել են ընդամենը 3-4 հազար դրամով։ Իսկ առաջիկա տարիներին կենսաթոշակ բարձրացնելը կարող է միայն լավ երազ լինել։ Անգամ մինչև ղարաբաղյան պատերազմը, որի հետևանքները դեռ տարիներ անհրաժեշտ կլինեն վերացնելու համար, կառավարությունը հրաժարվել էր կենսաթոշակների բարձրացումից՝ առնվազն մինչև 2023թ․։
Իշխանափոխությունից հետո ունենք կենսաթոշակների ընդամենը 3-4 հազար դրամ բարձրացում և բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների գների կտրուկ աճ։
Հիմա դժվար չէ պատկերացնել, թե Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը որքանով է բարելավել այս մարդկանց կյանքը, կամ ընդհանրապես բարելավե՞լ է, թե՞ ոչ։
Եվ այդպես՝ բոլոր ոլորտներում, որտեղ խոստանում էին հեղափոխական ձեռքբերումներ՝ երկրի ու ժողովրդի համար։ Ձեռքբերումների փոխարեն՝ հեղափոխական տեմպերով երկիրը գլորվեց անդունդը։ Բացի մեկից, դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ ունենք առաջընթաց։ Թող զարմանալի չթվա, բայց այդ եզակի ոլորտը պետական պարտքն է։ Պարտքի աճից մշտապես բողոքող Նիկոլ Փաշինյանը գրեթե 3 տարում հասցրել է երկիրը մտցնել ահռելի մեծ պարտքերի տակ։ Այնպիսի պարտքերի, որին կնախանձեին նույնիսկ նախկին «թալանչի» իշխանությունները։
Այդպես էլ չտեսանք խոստացված ներդրումները, չնայած հեղափոխության ընձեռած «իդեալական» հնարավորություններին։ Գրեթե 3 տարում Հայաստանում չիրականացավ որևէ կոնկրետ բիզնես-ծրագիր։ Ներդրումների վերաբերյալ խոստումները հայտարարություններից այն կողմ չանցան։ Եղած ծրագրերն էլ մտան փակուղի ու շարունակում են դոփել տեղում։
Հանրությանը շոուներով կերակրելուց ու նախկիններին սևացնելուց բացի, այդպես էլ ոչինչ չարեցին տնտեսությունը զարգացնելու, երկրի անվտանգությունն ամրապնդելու ու մարդկանց բարեկեցությունը բարձրացնելու համար։ Արդյունքը եղավ այն, որ այսօր Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի արկածախնդրության հետևանքով երկիրը կանգնած է մեծ ջրբաժանի առաջ, ու չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում վաղը։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2021/02/22/1465492.html