Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Իսկանդերը» պետք է կրակեր արդեն պատերազմի 4-5-րդ օրը :

Լրագրող Նվեր Մնացականյանն այսպես ձևակերպեց հարցը, թե «Սերժ Սարգսյանն ասում է՝ ես զարմացած եմ, թե ինչո՞ւ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդերը» չի կրակել. այդ ակնարկը Ձե՞զ է հասցեագրված», ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.


«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ`«մերժվածը» պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ»:

Նվեր Մնացականյանի ճշտող հարցին՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը պատասխանեց. «Չգիտեմ»:

Լրագրողը նկատեց՝ «հետաքրքիր նորություն էր»:

«80-ականների զե՞նք էր գուցե»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Այս հայտարարությունը լայնորեն քննարկվեց ոչ միայն հայաստանյան հասարակական ու փորձագիտական շրջանակներում, այլև դրան անդրադարձան ռուսական լրատվամիջոցները:

Օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի թեման, Փաշինյանի թեթև ձեռքով, լայն քննարկումներ է առաջացրել նաև ադրբեջանական մամուլում. ադրբեջանական քաղաքական-մեդիա հանրությունը մեծ ոգևորությամբ ընդունեց Փաշինյանի խոսքերը։


ՀՀ պաշտպանության նախարարությունը, սակայն, չի մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չպայթած կամ 10 տոկոսով պայթած «Իսկանդեր» մարտավարական հրթիռների վերաբերյալ:


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան՝ ասել է, որ «ՊՆ-ն չի կարող մեկնաբանել Հայաստանի վարչապետի հայտարարությունները»:

168.am–ը ՀՀ պաշտպանության նա­խարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին խնդրեց մեկնաբանել Փաշինյանի այս հայտարարությունը. հնարավո՞ր է արդյոք նման բան: Մովսես Հակոբյանը մասնավորապես ասաց.

«Տեխնիկապես հնարավոր է, բայց դա միայն կարող է հաշվարկել այն մարդը՝ ում վրա կրակել են: Այդ մարդը, ով որ հայտարարել է, կարծում եմ՝ իր վրա չեն կրակել, որ հաշվարկել են՝ քանի տոկոսն է պայթել: Անհնարին է հաշվարկել՝ քանի տոկոսն է պայթել, որովհետև դա պայթում է՝ ում վրա կրակում են. այնտեղ կարող են հաշվարկել՝ ինչքանն է պայթել: Միայն Ադրբեջանը կարող է ասել՝ քանի տոկոսն է պայթել»:

Թե ինչի՞ն են միտված Փաշինյանի կողմից նման հայտարարությունները, մեր հաջորդ հարցմանն ի պատասխան էլ՝ նա նշեց.

«Իր բնավորությունն է. բոլորը մեղավոր են, բացի իրենից, այսինքն՝ ամեն ինչ սխալ է, մենակ ինքն է ճիշտ»: