ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ որքա՞ն ժամանակ ենք փնտրելու ճշմարտությունը
Երեկ երեկոյան եթեր հեռարձակված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի ժամանակ նա հայտարարեց. «Պետք է հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը։ (…) Եթե սա պարտություն է, որը ծագել է 2 տարվա կամ 2 ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա»։
Նույն հարցազրույցում Փաշինյանը նշեց. «Իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել։ Կամ պայթել է 10%-ով»։ Այնուհետև հարցազրույցը վարող Նվեր Մնացականյանի հարցին, թե այդպե՞ս են ասում, նա ասում է. «Չգիտեմ»։
Հարց է առաջանում, թե այս դեպքում ինչո՞ւ է իշխանությունը դեմ պարիտետային փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը, եթե ինքն է ամենաբարձր մակարդակով հարցականի տակ առնում բազմաթիվ կարևոր հարցեր, այդ թվում՝ սպառազինության հարցը։
Գործող և նախկին իշխանության ներկայացուցիչները, պաշտպանության և անվտանգության ոլորտի գործող և նախկին ներկայացուցիչները, դաշտային հրամանատարները և մյուսները շարունակելու են հարցազրույցնե՞ր տալ պատերազմի վերաբերյալ, թե՞, ի վերջո, հասկանալու են պարիտետային փաստահավաք հանձնաժողովի կարևորությունն ու քաղաքական կամք են դրսևորելու այն ստեղծելու և բոլորին հուզող հարցերի պատասխանները տալու համար»։