Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Տիգրան Սարգսյանը շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առիթով՝ նշել է, որ այս գեղեցիկ տոնն ունի իր առանձնահատուկ խորհուրդը՝ մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը շինարարի նկատմամբ: 

«Դա պատահական չէ, քանի որ մեր ժողովրդի պատմության շարունակականության ապահովման մեջ կարևորագույն դերակատարում ունեն հենց շինարարները՝ այն հարուստ ժառանգությամբ, որ թողել են մեզ: Այսօր էլ կարող ենք ուրախությամբ շեշտել, որ ժամանակակից շինարարությունը ստեղծում է այնպիսի գլուխգործոցներ, որոնցով հպարտանում ենք և որոնք որպես ժառանգություն թողնելու ենք մեր ապագա սերունդներին: Այսօր շինարարության համար հեշտ օրեր չեն, այս ոլորտում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ և մենք ձեզ հետ պետք է կարողանանք հաղթահարել ժամանակակից մարտահրավերները», - ասել է վարչապետը և այդ համատեքստում կարևորել կառավարության և շինարարների համագործակցությունը: 

Տիգրան Սարգսյանը շինարարներին մաղթել է նորանոր ստեղծագործական հաջողություններ ինչպես մասնագիտական բնագավառում, այնպես էլ անձնական կյանքում: 
Շինարարի տոնի կապակցությամբ և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դոցենտ, Հայաստանի ճարտարագիտության ազգային ակադեմիայի ակադեմիկոս Թեմուր Մարգարյանին: 
Վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, «Արտալան Թրեյդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Արտաշես Կազախեցյանը, «Սահակյանշին» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Սահակյանը և «Հայնախագիծ» ընկերությունը: