Արդեն ժամը 14-ի հատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել կառավարության շենքից և իր կողմնակիցների հետ միասին երթով անցել Երևանի փողոցներով:
Նրա կողքին է եղել նաև որդին՝ Աշոտ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բարձրախոսով դիմել է ներկաներին, ողջունել նրանց:
Նա շեշտել է, որ ինքը և իր ընտանիքը չեն պատրաստվում ոչ մի տեղ մեկնել, ասել է նաև, որ շուտով այստեղ կհրավիրի նաև ընտանիքի մյուս անդամներին:
Վարչապետը նշել է, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծել խաղաղ, բարեկամական մթնոլորտում: Հասնելով Ազատության հրապարակի մերձակայք, որտեղ հավաք է հրավիրել ընդդիմությունը, նա կոչ է արել իր համախոհներին բարձր ծափերով ողջունել ընդդիմադիրներին՝ ընդգծելով, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և բոլորն իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը: Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում չեն կարող լինել քաղաքացիական բախումներ և նմանատիպ անցանկալի երևույթներ, նա կոչ է արել բոլորին բացառել դա: