ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ ունեցել իր կողմնակիցների հանրահավաքում: Ներկայացնում ենք ելույթի հիմնական թեզերը:
Սխալների եւ սիրված լինելու մասին
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը եւ իր ղեկավարած կառավարությունը վերջին 2 տարվա եւ 10 ամսվա ընթացքում «թույլ են տվել բոլոր հնարավոր սխալները»:
«Բոլորից ներողություն եմ խնդրում իմ եւ մեր բոլոր սխալների համար: Ես շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել: Կարելի է թվարկել կոնկրետ դեպքեր, բայց սխալների մեծագույն պատճառներից մեկը եղել է սիրված լինելը ժողովրդի կողմից: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտելով արդարացնել այդ սերը եւ մեր սերը ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ, ցանկացել ենք ամեն ինչ կատարյալ անել, ինչը հաճախ բերել է անգործության», — ասել է վարչապետը:
Նա ասել է, որ «այսօր ժողովրդի իշխանությունը ուզում են խլել, եւ մենք հավաքվել ենք այսօր, որպեսզի ասենք, որ թույլ չենք տալու»:
Օնիկ Գասպարյանի եւ «նախկինների» մասին
«Այսօր էլ նույն մարդիկ փորձում են բանակը հանել ժողովրդի եւ ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության դեմ», — ասել է Փաշինյանը՝ վկայակոչելով նախորդ շաբաթ հրապարակված Գլխավոր շտաբի ղեկավարության հայտարարությունը:
Նրա խոսքով, «Սերժ Սարգսյանը, օգտագործելով որոշ գեներալների վրա ունեցած իր ազդեցությունը, դրդել է նրանց դուրս գալ ժողովրդի դեմ»:
Կառավարության ղեկավարն ասել է, որ «ուզում են մարդկանց տանկերով տրորել»:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը «բացարձակապես ապօրինի է», իսկ Օնիկ Գասպարյանի հեռացումը՝ «անխուսափելի»:
«Ամենամեծ դավաճանությունն այն է, երբ իմ կողմից նշանակված Գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները», — հայտարարել է Փաշինյանը:
Սահմանադրության փոփոխության մասին
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ս.թ. հոկտեմբերին պետք է կայանա հանրաքվե, որի ընթացքում կընդունվի նոր Սահմանադրություն կամ Սահմանադրության փոփոխությունները: «Տարբերակներից մեկը պետք է լինի կիսանախագահական համակարգը», — նկատել է նա:
Արտահերթ ընտրությունների մասին
«Եթե առաջին հերթին խորհրդարանական ուժերը կընդունեն դեռեւս դեկտեմբերի վերջին մեր հնչեցրած առաջարկը՝ արտահերթ ընտրությունների մասին, մենք կգնանք դրանց, որովհետեւ համոզված ենք, որ մեր ժողովուրդը ի վիճակի է հաստատել օրինական իշխանություն:
Տալիս եմ երկրորդ հնարավորությունը եւ նետում եմ մարտահրավեր՝ գնանք ընտրությունների եւ տեսնենք, թե ինչ է պահանջում ժողովուրդը: Ես այսօր ձեզանից ներողություն խնդրեցի եւ ուզում եմ համոզվեմ, որ մեզ ներում եք, ներել եք», — ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մեդիամաքս