«Առավոտ» օրաթերթը գրում է. 

«Երեկ իրավապաշտպան Միքայել Դանիելյանը եկել էր Վերաքննիչ դատարան՝ աջակցելու ՀԱԿ ակտիվիստներին։ Նա վստահեցրեց, որ դատարանի վճիռը կլինի միայն քաղաքական որոշում. «Ինչ են որոշել վերևներում՝ ես չեմ կարող ասել։ Դատարանը Հայաստանում անկախ չի և իր որոշումը չի կայացնելու անկախ։ Իրենց վերևից կասեն, թե ինչ պիտի արվի, և կանեն։ Դատավորին արդեն ինչ-որ բան ասել են։ Եվ եթե Վճռաբեկն ուղարկել է գործը Վերաքննիչ, ուրեմն ինչ-որ բան այնտեղ որոշված է։ Իմ կարծիքով՝ տղաների համար լավ որոշում կկայացվի»։

 Միքայել Դանիելյանը գտնում է, որ շատ հանգիստ կարելի էր տղաներին բաց թողնել։ Aravot.am–ի հարցին՝ հաշվի առնելով, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը չընդունվեց դատարանի կողմից, դրանից չի՞ կարելի եզրակացնել, որ տրամադրվածությունը լավ չէ՝ Միքայել Դանիելյանը պատասխանեց. «Դա ոչ մի բան չի ասում։ Հայաստանի դատարաններին հետևում եմ 95թ.–ից և շատ լավ գիտեմ, որ Հայաստանի դատարաններից սպասել ինչ-որ նորմալ որոշում՝ չի կարելի։ Դատարաններն ընդհանրապես Հայաստանում անհասկանալի են իրենց գործողությամբ»»,–գրում է թերթը։