Խորհրդարանում այսօր շարունակվել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Հիշեցնենք՝ երեկ դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանի ինքնաբացարկի հանգամանքները ներկայացնելուց հետո ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Նշենք, որ հարցերը մեծամասամբ վերաբերել են ԲԴԽ նախագահի՝ նոյեմբերի 15-ին հրապարակած հայտարարությանը: Այսօր ևս հարցերը շարունակվել են նույն հարցադրումից: «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը շարունակել է պնդումը, որ այն քաղաքական բնույթի է:
«Այդ օրը ձեր վաղեմի ընկերոջ՝ Արթուր Վանեցյանի դատական նիստի գործի քննության օրն էր, նման զուգադիպությունները թույլ չեն տալիս մեզ չմտածել, որ այդ կոչը քաղաքական չէր: Էլ ի՞նչ պետք է լիներ, որ չմտածեինք, որ Ձեր հայտարարությունը քաղաքական էր»,-հարցրել է նա:
Վարդազարյանն այսօր այդ հարցերին չպատասխանելու որոշմամբ էր եկել ԱԺ:
«Երեկ այս նիստից հետո ես ևս մեկ անգամ ուսումնասիրեցի Դատական օրենգիրքը և ԱԺ կանոնակարգ օրենքը: Տեղեկացնում եմ ձեզ, որ դատական իշխանությունը հաշվետու չէ ԱԺ-ին, հետևաբար՝ ես պարտավորություն չունեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի, պատրաստ եմ պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են թեկնածուին: Խնդրում եմ չշփոթել, որ սա տարեկան զեկույց չէ։ Այնպիսի տպավորություն է, որ դուք ինձ տալիս եք երեք տարվա ընթացքում ծառացած բոլոր հարցերը, որոնք ցանկանում եք ուղղել դատական իշխանությանը: Մենք պատրաստ ենք այդ հարցերը քննարկելու համար հրավիրել ԲԴԽ»:
Ալեն Սիմոնյանը կոչ է արել չսահմանափակել հարց տալու պատգամավորների իրավունքը: