Սահմանադրական դատարանը ստացել է ՀՀ նախագահի դիմումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՍԴ մամուլի ծառայությունից` հավելելով, որ դիմումը ՍԴ քարտուղարությունում մուտքագրվել է մարտի 10-ի ամսաթվով։

ՍԴ–ից ստացված մեկնաբանության համաձայն` ՀՀ նախագահն այդ դիմումով վիճարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածի 3 մասի` Սահմանադրության 133-րդ հոդվածի 1 մասին, 57–րդ հոդվածի 2–րդ մասին, 79–րդ հոդվածին ու 155–րդ հոդվածի 3–րդ մասին համապատասխանության հարցը։

Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին օրենքով»,Սահմանադրական դատարանը 3 օր ժամանակ ունի նախագահից ստացված դիմումի համապատասխանությունը ՍԴ–ի մասին օրենքին պարզելու և, դրա հիման վրա հետագայում վարույթ ընդունելու կամ մերժելու որոշում կայացնելու համար։

Դրանից հետո ՍԴ աշխատակարգային նիստով քննարկվում է գործը վարույթ ընդունելու հարցը։ Իսկ վարույթ ընդունելու դեպքում արդեն նշանակվում է դատական նիստ։ Ընդ որում, նշված գործողությունների համար սահմանված ժամկետը 1 ամիս է, այսինքն` դատական նիստը նշանակվելու է շուրջ 1 ամիս հետո։

Հիշեցնենք` ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ նախագահը Սահմանադրական դատարան էր դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրով:

«Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում»,–ասված էր հայտարարության մեջ:

Հանրապետության նախագահը հույս էր հայտնել, որ ՍԴ–ի որոշումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը:

2020թ.–ի նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում ձևավորվեց Հայրենիքի փրկության շարժումը, որը պարբերաբար հանրահավաքներ ու երթեր է կազմակերպում` պահանջելով, որ «կապիտուլյացիոն փաստաթուղթ» ստորագրած վարչապետ Փաշինյանը հեռանա իշխանությունից։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Մարտի 9–ին, լրանում է օրենքով սահմանված ժամկետը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կա՛մ պետք է ստորագրի ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանը, կա՛մ վարչապետի առաջարկի սահմանադրականությունը վիճարկելու հարցով դիմի ՍԴ։

 

Read more: https://armeniasputnik.am/armenia/20210310/26747780/sahmanadrakan-datarany-stacele-hh-naxagahi-dimumy-bayc-der-varuy-chi-yndunel.html