«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում երևանաբնակ շուրջ 650 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են Տավուշի մարզի և ՀՀ հարավային սահմանամերձ տարածքներ՝ տեսակցելու իրենց զավակներին: Ծրագրում ներառված են սոցիալապես անապահով ընտանիքները: 

Զորամասեր զինծառայողների ծնողների արդեն ավանդական դարձած այցերը կազմակերպվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ: 

Ավտոբուսները մեկնել են օգոստոսի 9-ի ուշ երեկոյան, քաղաքապետարանի վարչական շենքի հարակից տարածքից: Նախքան մեկնումը պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են այցը  կազմակերպելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ բոլոր միջոցառումների մասին: Նշվել  է նաև, որ ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները: 
Տարոն Մարգարյանը, անձամբ շրջելով ավտոբուսներում, ծանոթանացել է ծնողների մեկնման համար ապահովված պայմաններին և վստահեցրել, որ նման այցելությունների կազմակերպումը քաղաքապետարանի կողմից լինելու է շարունակական:

«Երևանաբնակ զինծառայողների ծնողների այցելությունները սահմանամերձ զորամասեր արդեն ավանդույթ են դարձել: Կազմակերպչական բոլոր աշխատանքները, այդ թվում նաև անհրաժեշտ սննունդն ու գիշերակացի տրամադրումն ապահովվել է Երևանի քաղաքապետարանի կողմից: ճանապարհային ոստիկանության և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչները ևս ներգրավված են ավանդական այս ակցիային: Յուրաքանչյուր ավտոբուսում ծնողներին ուղեկցում են բժիշկներն ու սոցիալական աշխատողները: Աշխատանքային մյուս խումբն արդեն զորամասերում է և պատրաստ դիմավորելու ժամանողներին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հատկանշելով ծրագրի կարևորությունն ու շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նախաձեռնության համար` ժամկետային զինծառայողների ծնողներն իրենց հերթին գնահատել են ցուցաբերվող վերաբերմունքն ու հատուկ ուշադրությունը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն