Մարտի 14-ին փորձ է կատարվել բլոգեր և Ադրբեջանից քաղաքական նկատառումներով արտագաղթած Մուհամեդ Միրզալիի դեմ: Ինչպես նշում է ընդդիմադիր Turan լրատվական գործակալությունը՝ անհայտ անձը դանակի մի քանի վերքեր է հասցրել Միրզալին և թաքնվել:
Բլոգերը ծանր վիճակում հոսպիտալացվել է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Միրզալին հայտնի է Ադրբեջանի իշխանությունների վերաբերյալ տարիներ շարունակ սոցիալական ցանցերում կոշտ քննադատական նյութեր հրապարակելով: Իշխանությունները բազմիցս փորձել են լռեցնել նրան, բայց չեն կարողացել: Այսպես, երեք տարի առաջ առևանգվել է նրա հայրը, իսկ մեկ շաբաթ առաջ նրան ուղարկել են ինտիմ տեսանյութ՝ նրա քրոջ անձնական կյանքի մասին: Միրզալին պնդում է, որ իրենից պահանջել են դադարեցնել քննադատությունները, հակառակ դեպքում տեսանյութը լայնորեն կտարածվի:
2020-ի հոկտեմբերին Միրզալին հայտարարեց իր դեմ մահափորրձի մասին, ինչպես նաև Ադրբեջանի խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի կողմից իրեն ուղարկված սպառնալիքներ պարունակող հեռախոսային հաղորդագրության մասին: Չնայած այդ բոլոր սպառնալիքներին՝ նա հայտարարել է, որ չի դադարի երկրի իշխանություններին ուղղված քննադատությունը: