YerevanNews.am-ը ուղեվարձի փոփոխման և դրա հետևանքների մասին  զրուցել է ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանի հետ:

 —     Ուղևարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնելու մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը ոմանց կողմից ընկալվեց  որպես իշխանության պարտություն: Ինքներդ ինչպե՞ս կորակեք քաղաքապետի կողմից արված այս քայլը:

—     Ես այն որակում եմ որպես քաղաքապետի կողմից քաղաքացիական հասարակության դերի կատարման  ճիշտ գնահատում, այն բանի գնահատում, որ չի կարելի հաշվի չնստել քաղաքացիական հասարակության կարծիքի հետ, մանավանդ, որ ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են:

Գիտե՞ք միշտ կարելի է լավ արարքը վատ գնահատել՝ չուզենալով տեսնել այն, ինչ իրականում կա հիմքում: Այսօր ես տեսնում եմ քաղաքացիական արիություն, սկզբունքայնություն քաղաքապետի կողմից, բնավ ես նպատակ չունեմ քաղաքապետի հասցեին դրական խոսքեր շռայլելու, բայց ես ինքս շատ հիացած եմ, որ դա կասեցվեց իր իսկ որոշումով:

—     Թվում էր, թե այս որոշումից հետո ակտիվությունն այս առումով կմարի, սակայն անմիջապես հաջորդ օրն իսկ ակցիաների երկրորդ ալիքը բարձրացավ: Որքանո՞վ էր նպատակահարմար նստացույցերի անցկացումը պաշտոնյաններին պատոնանկ անելու պահանջով:

—     Ես կարծում եմ, որ ակտիվիստները չպետք է իրենց առջև խնդիր դնեն որևէ մեկին աշխատանից ազատելու կամ չազատելու, դա բոլորովին ուրիշ լիազորություններ են: Ակտիվիստներն արեցին այն, ինչի դրական արդյունքը բոլորս տեսանք: Հիմա քաղաքապետարանն ասում է տվեք ձեր առաջնորդների, ներկայացուցիչների ցուցակները, որպեսզի ընդգրկենք հանձնաժողովի կազմում, իսկ իրենք պատասխանում են, թե մենք լիդեր չունենք, մենք բոլորս միասին ենք , այսինքն այդ ամբողջ խումբը գա ու մասնակցի հանձնաժողովի գործունեությա՞նը: Սա ի՞նչ է նշանակում: Ակամայից ես ստիպված եմ մտածել, որ երևի թե ճիշտ են այն լրատվամիջոցները կամ այն գործիչները, ովքեր ասում են, թե այս խմբերն ինչ-որ տեղից ուղղորդված են, ես չեմ կարող դա հաստատել, չեմ էլ ուզում վատը մտածել մեր երիտասարդների մասին, ովքեր մեր վաղվա օրն են, ընդհակառակը՝ ես նրանց ռոմանտիզմը, նախանձախնդրությունը, պայքարը, մեր հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերի բարձրաձայնումը գնահատում եմ, բայց  պետք է գնան ճիշտ ճանապարհով և որևէ մեկի խոսափողը  չդառնան, ինչը շատ վտանգավոր է հենց իրենց համար, մեր երկրի համար:

—     Քաղաքապետ  Տարոն Մարգարյանն օրերս Ազատություն ռադիոկայանի հետ զրույցի ժամանակ նշեց, որ պաշտոնյաններն աշխատանքից չեն հեռացվելու. Այդ դեպքում ի՞նչ ընթացք կունենա այս պայքարը:

—     Ես ծանոթ եմ քաղաքապետի կողմից ձեռնարկվող քայլերին, նա բանակցություններ է վարում բողոքող կազմակերպությունների ղեկավարների հետ, նամակներ է հղում հանրային խորհրդին, այս կամ այն տնտեսագիտական կառույցներին, շահագրգիռ կազմակերպություններին՝ խնդրելով անկախ հանձնաժողովի կազմման համար ներկայացնել մասնագետներ, ովքեր քննարկումների ու հաշվարկների միջոցով կներկայացնեն վերջնական արդյունքը:

Եվ քանի որ այդ գործընթացն արդեն սկսվել է, ես կարծում եմ, որ պետք է կրքերը հանդարտվեն և ով ցանկություն ունի կարող է հետևել այս գործընթացին: Կոչ եմ անում, որ իրենք ներկայացնեն իրենց ներկայացուցիչներին ու նրանց միջոցով ստանան տեղեկատվություն:

—     Ակտիվիսների կողմից հաճախ են հնչում վիրավորական արտահայտություններ պաշտոնյաների, քաղաքական գործիչների նկատմամբ. Ինչպե՞ս կմեկնաբանեք պայքարի այս ձևաչափը:

—     Գիտեք ես չեմ ուզում նույնիսկ ինքս կրկնել, թե ինչեր են ասում, չի կարելի պետական կառույցների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորել, պետք է հարգանք լինի, մանավանդ, որ այս ամենը հնչում է երիտասարդների շուրթերից: Արդեն ժամանակն է երկխոսության, բանակցությունների, կլոր սեղանների, մասնագետների հետ զրույցների միջոցով հասնենք ճիշտ որոշման, այսինքն այնպիսի որոշման, որին համաձայն կլինեն հանրության բոլոր շերտերը: