«Մենք եռակողմ հայտարարությունը դիտարկում ենք որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ։ Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի ներառում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնայինը Արցախի կարգավիճակի հարցն է՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա։

Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Տարածաշրջանի վերջին զարգացումներն ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ, շեշտում եմ՝ ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա», ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Անն Լինդեի հետ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:

Իր հերթին, Անն Լինդեն ողջունել է «Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ գտնելու երկարաժամկետ կայուն լուծում: Մի քանի հարցեր դեռևս կարոտ են լուծման: ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը որպես ամբողջություն կարևոր դեր ունեն անմիջական իրավիճակին անդրադառնալու և առաջ ընթանալու ճանապարհ գտնելու գործում»:

ՀՀ ԱԳՆ-ն կրկին հաստատել է, որ եռակողմ հայտարարությունը չի համարվում հիմնախնդրի վերջնական լուծում, ի տարբերություն Մոսկվայի ու Բաքվի, որոնք հայտարարել են, որ հակամարտությունն այլեւս չկա, լուծված է: Մոսկվայի պարագայում իհարկե առկա է երբեմն Մինսկի խմբին հղումը, բայց միայն՝ Բաքվի վրա ճնշման լծակ ունենալու նպատակով, նկատի ունենալով, որ Մոսկվայի հեղինակած եռակողմ հայտարարությունը պարտադրվել է հայկական կողմին պատերազմով, խախտելով միջազգային բոլոր նորմերը, բացի այդ՝ ռուս խաղաղապահների ներկայությունը եւ այլ հանգամանքներ մնում են օդում կախված վիճակում:

Իր հերթին, Բաքուն նույնպես լուրջ խնդիրների առաջ է նույն հանգամանքների բերումով: Ադրբեջանի անկախությունը ԵԱՀԿ-ն ճանաչել է Արցախի խնդրի խաղաղ կարգավորման եւ կարգավիճակի որոշման պայմանով, ինչը նշանակում է, որ Բաքուն կարող է մեղադրվել պատերազմական հանցագործությունների համար եւ կասկածի տակ դնել պետության միջազգային լեգիտիմությունը:

Այս ֆոնին, Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խնդրի կարգավորման եւ Արցախի կարգավիճակի հարցերը Երեւանի հաղթաթղթերն են: Սակայն այս ուղղությամբ աշխատանքը տանում է միայն ԱԳՆ-ն, ռուս-թուրքական տանդեմի ճնշման եւ ներքին աջակցության գրեթե իսպառ բացակայության պայմաններում:

Ավելին, Հայաստանի իշխող մեծամասնությունը եւ 17 կուսակցությունների միավորումը, ԶԼՄ-ների 99 տոկոսը գտնվում են ռուս-թուրքական պլանների ծիրում, հավատարմություն հայտնելով եռակողմ հայտարարությանը եւ իրար հետ մրցելով այն ավելի լավ կատարելու հարցում:

Lragir.am