Ռուսաստանը հետ է կանչել Վաշինգտոնից իր դեսպանին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բայդենը մարդասպան է անվանել ՌԴ նախագահ Պուտինին։ Պուտինը պատասխանել է երեխայի պես՝ մարդասպանը դու ես: Մոսկվան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների գրեթե ամբողջական խզման մասին։ Բայդենի հայտարարությունից հետո ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, մասնավորապես սահմանափակելով ռազմական սարքավորումների, էլեկտրոնիկայի եւ երկակի նշանակության տեխնոլոգիաների մատակարարումները Ռուսաստանին:

Զուգահեռ, հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում ԱՄՆ և Թուրքիայի միջև։ Անկարան նույնպես հետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին Իրաքում կատարվածից հետո։ Թուրքիան մեղադրել է Իրաքի քրդերին 13 թուրք զինվորականների սպանության, իսկ ԱՄՆ-ին՝ քրդերին աջակցելու մեջ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ «ուշադիր հետևում է Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներին և մտահոգված է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության լուծարման փորձերի կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում Թուրքիային հարգել խոսքի ազատությունը համաձայն իր սահմանադրության և միջազգային պարտավորվածությունների, ասված է Պետդեպի հայտարարության մեջ։

Բայդենը այդպես էլ չի զանգահարել Էրդողանին, և, չնայած Անկարայում ասում են, թե Էրդողանը չի սպասում հեռախոսի մոտ, նյարդայնությունը զգացվում է։ Նման նյարդայնություն է զգացվում Մոսկվայում։

Էրդողանն ու Պուտինը սովոր են Թրամփի օրոք ամենաթողությանը։ Իսկ այժմ, երբ աշխարհի միակ գերտերությունը խստացրել է իր դիրքորոշումը, Պուտինն ու Էրդողանը փորձում են հենարաններ գտնել։

Պուտինը փորձում է «հավաքել» հետխորհրդային պետությունները, սակայն բախվում է դիմադրության։ Կենտրոնական Ասիայում և Ադրբեջանում արդեն «Թուրանի բանակն է»։ Վրաստանը և Ուկրաինան շարունակում են արեւմտյան բլոկներին ինտեգրվելու կուրսը, իսկ Զելենսկու կտրուկ քայլերի և ԱՄՆ-ի՝ Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելու մասին հայտարարություններից հետո այդ գործընթացն անշրջելի է դառնում։

Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հավանականությունը աննախադեպ բարձր է։ Դա կարող է ԱՄՆ նոր արբիտրաժի հայտ դառնալ, այն բանից հետո, երբ Ռուսաստանն ու Թուրքիան 1921-ին ոչնչացրին «վիլսոնյան Հայաստանը»:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/18/628206/