«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

– Պարոն Չաքրյան, ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն նշել է, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից: Ռուս-թուրքական վերջին մերձեցման հերթական փուլի հե՞տ գործ ունենք։ Այս հայտարարությունն ի՞նչ նպատակ է հետապնդում:


– Հավանաբար, աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդում։ Առհասարակ, պաշտպանության նախարարության խնդիրը չէ աշխարհաքաղաքական հարցեր քննարկել և ինչ-որ տեսակետ պարտադրել հայկական կողմին, բայց մեզ էլ ուղղված, որ եթե խոսվում է ռուս-թուրքական մերձեցումից, դա մի տեսակ կարգադրության երանգ է ստանում, որ դու՝ որպես Ռուսաստանի դաշնակից, պետք է Թուրքիայի հետ հարաբերություններդ բարելավես։ Իսկ ինչպե՞ս բարելավենք, երբ Թուրքիան դեռ իր նախապայմաններից չի հրաժարվել, որոնք 91 թվականին են առաջադրվել, այսինքն՝ առաջին՝ չի հիշատակել 1915 թվականի մասին, երկրորդ՝ ստիպել արցախահայությանը, որ ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը, և շնորհիվ թուրքի՝ այդ հարցը լուծեցին, այլևս Արցախի Հանրապետություն՝ որպես այդպիսին, արդեն գոյություն չունի, երրորդ՝ ազդել սփյուռքահայության վրա, որ չպայքարեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ Դա էլ ուշ է իրագործելու համար, որովհետև 35 երկիր և 8 միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ներառյալ Սենատը, արդեն ճանաչել են։ Պարզապես չգիտենք, թե դրանք ինչ ծրագրեր ունեն, որ կարողանանք մեկնաբանել։ Բայց մեկ բան ակնհայտ է՝ քանի դեռ գերիներին չեն հանձնում, նշանակում է՝ Պուտինի շատ «հայանպաստ» նկրտումները չեն իրագործվել, ինչ-որ այլ նկրտումներ ունի և օգտվում է Հայաստանի իշխանությունների կաթվածահար վիճակից։

 
– Հնարավո՞ր է արդյոք նոր պատերազմ։ Նշվում է, որ Հայաստանին կստիպեն Սյունիքով միջանցք բացել, մյուս կողմից էլ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ նման օրակարգ չկա։

– Հիմա Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ Շուշիի և Հադրութի հարցն էլ չկա եռակողմ հայտարարության մեջ, Մինսկի խմբի փաստաթղթերում էլ չկար Շուշիի և Հադրութի մասին, որպես բոնուս՝ Պուտինը տվեց։ Եվ, քանի որ մեր իշխանությունները կաթվածահար վիճակում են, ինչ ասում են իրենց, կատարում են, դեռ հերիք չէ, երախտագիտություն են հայտնում Պուտինին, որ Արցախի Հանրապետությունը ոչնչացրել է, ՀՀ-ին էլ ահաբեկում է, որ կաթվածահար կանի, կդարձնի կամազուրկ պետություն, և գերիներին դրա համար չեն հանձնում։ Համոզված եմ, որ Պուտինն ինքն է Ալիևին օգտագործում, հրահանգում, որ չհանձնի գերիներին։ Բայց մեր ժողովուրդն ապուշ չէ, գիտի ողջ իրողությունը, շատ լավ հասկանում է, թե ինչ նշանակություն ունի պուտինյան Ռուսաստանի ռազմավարական դաշինքը, բարեկամությունը հայ ժողովրդի համար։

– Տեսակետ է հնչում, որ ադրբեջանական կողմն էլ, չնայած հոխորտանքներին, նոր պատերազմի պատրաստ չէ։

– Մենք այս վիճակով պատերազմել չենք կարող, հսկայական զոհեր ենք տվել, դեռ ճշգրիտ վիրավորների և զոհերի թիվն էլ չգիտենք, ասում են՝ հինգ հազար զոհ, Պուտինն է ասել չարաբաստիկ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց առաջ։ Բացի դրանից, ուշադրություն դարձրեք, որ ոչ մի անգամ չի դատապարտել, ասում է, որ չեմ հանձնում հայ գերիներին, որովհետև նրանք ահաբեկիչներ են, իսկ Մարիա Զախարովա կոչեցյալը ելնում հայտարարում է, որ բոլորը բոլորի դիմաց։ Այսինքն՝ սա հայտարարում է՝ ստեղծելու այնպիսի տպավորություն, թե իբր մեզ մոտ էլ կան ադրբեջանցի գերիներ, և, քանի որ հայերը չեն հանձնում ադրբեջանցի գերիներին, տրամաբանական է, որ Ալիևն էլ չհանձնի գերիներին։ Այսինքն՝ միջազգայնորեն արդարացնելու փորձեր են անում, որովհետև Իլհամը դարձել է Պուտինի ձեռքին Հայաստանն ահաբեկելու գործիք։

Այստեղ կարևոր է Միացյալ Նահանգների գործոնը, և հիմա եթե Բայդենը ուզում է վերադառնալ Հարավային Կովկաս, պետք է վերականգնի իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Բացի դրանից, կա մեկ այլ հանգամանքը՝ նախորդ տարվա անցուդարձը ամփոփելիս ադրբեջանցի լրագրողը հարցրել էր Լավրովին՝ ռուս խաղաղապահների մանդատը ՄԱԿ-ը կհաստատի՞, թե՞ ոչ։ Պետք է ունենաս ՄԱԿ-ի որոշումը, որպեսզի կարողանաս զորք մտցնել։ Լավրովը պատասխանել է, որ այս հարցը խնդրահարույց է, և նման ստորություն հայերի նկատմամբ որևէ այլ երկիր չի արել։